Այսօր կառավարությունը հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում հաստատեց Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում էր ավելացնել ոստիկանության պարգևատրման ֆոնդը։

Այսպիսով` ըստ հիմնավորման՝ ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և վերոգրյալ նպատակին վերաբաշխվող միջոցների մեծությունը կազմում է շուրջ 1․890,0 մլն․ դրամ, որը ՀՀ ոստիկանության ծառայողների պաշտոնային դրույքների ամսական ֆոնդից պակաս է շուրջ 500,0 մլն դրամով։

ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է համարում ծառայողներին ընթացիկ տարում որակյալ աշխատանքի և հատուկ առաջադրանքների կատարման համար տարեվերջին պարգևատրել մեկ պաշտոնային դրույքաչափով։ Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել 500,0 մլն․ դրամ, նկատի ունենալով նաև, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պետական բյուջե է վերադարձվել բյուջետային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործման արդյունքում տնտեսված 958,2 մլն․ դրամ։

Այսպիսով՝ ըստ սպասվող արդյունքի նախատեսվում է որակյալ աշխատանքի և (կամ) հատուկ առաջադրանքների կատարման համար ՀՀ ոստիկանության ծառայողներին տարեվերջյան պարգևատրման հատկացում, արդյունքում նախորդ տարվա միջին ամսական վարձատրության՝ 281,0 հազ․ դրամ չափի պահպանում։ 

Մեկ այլ չզեկուցող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։ Սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն