Մեր կատարած հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտություն է էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 4,7 դրամով բարձրացնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։

«Միջին կշռված սակագինը 4,7 դրամով է ավելանում։ Որոշակի տարբերակում կա․ ըստ սպառման ծավալի՝ տարբեր մոտեցումներ են կիրառվելու»,-ասաց նա՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 29-ին կայանալիք նիստի ընթացքում, և որոշում կկայացվի։

«Որոշումը կայացվելու դեպքում ուժի մեջ է մտնելու 1 ամիս հետո, այսինքն՝ փետրվարի 1-ից»,-ասաց Ուլիխանյանը՝ հավելելով, որ այսօր ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերաբերյալ աշխատանքային քննարկում է սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Սակագների վերանայման գործընթացն էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվում է յուրաքանչյուր տարի։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ հերթական անգամ սեպտեմբեր ամսին սկսվել է վերանայման գործընթացը։ Նպատակն է գնահատել ամբողջ համակարգում տեղի ունեցող գործոնային փոփոխությունները և դրանց արդյունքում հասկանալ՝ վերջնական սպառողի էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցություն լինո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Ուլիխանյանը՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ ազդեցություն չի ունենում վերջնական սպառողների սակագների վրա, միևնույն է, համակարգի ընկերությունների սակագների վերանայում յուրաքանչյուր տարի տեղի է ունենում։

«Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ ընդհանուր գործող սակագները եթե պահպանեինք մի մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, և եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք եկող տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հարցում, հետևաբար, ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք»,-պարզաբանեց Ուլիխանյանը։

Նա նշեց, որ համաձայն Էներգետիկայի մասին օրենքի՝ սակագնի բարձրացում կարող է տեղի ունենալ երկու տարբերակով՝ կա՛մ ընկերություններն են դիմում հայտով, կա՛մ ՀԾԿՀ-ն է սկսում սեփական նախաձեռնությամբ․ տվյալ դեպքում երկրորդ տարբերակն է։

Ուլիխանյանն ընդգծեց, որ սոցիալապես անապահով սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն