Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են ակցիաների կիրառման ոլորտի օրենսդրական բարեփոխումները
Այսօր տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նիստին ներկա էին նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը, հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը, հանձնաժողովի այլ աշխատակիցներ, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Նիստի օրակարգում քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք մշակվել են ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտում հանձնաժողովի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումների շրջանակում:
Նախագծերով կարգավորվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանվել են ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, ներառյալ՝ ժամկետային սահմանափակումը, իրազեկմանը ներկայացվող պահանջները և այլն: Մասնավորապես սահմանվել է պահանջ, համաձայն որի զեղչ հայտարարելիս ակցիա իրականացնողը պետք է ապահովի զեղչի հրապարակման պահին նախորդող երկու ամիսների ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման ամենացածր գնի և զեղչված գնի միաժամանակյա տեսանելիությունը: Մեկ այլ առաջարկվող կարգավորման համաձայն՝ ակցիայի հրապարակման պահին ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը պետք է վաճառվի զեղչի՝ հայտարարված ամենաբարձր տոկոսով և այլն:
Նախագծերը նպատակ ունեն ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիաների կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:
Խորհրդի անդամները դրական վերաբերմունք արտահայտեցին ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ և առանձին հարցերի շուրջ ներկայացրեցին առաջարկություններ:
Tert.am