Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երկրորդ թեկնածուն է այցելել Հայաստան: Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար,  Ֆրանսիայի նախագահի ընտրությանը Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու մասին ազդարարած Վալերի Պեկրեսը ծայրահեղ աջ թեկնածու, գրող և մեկնաբան էրիկ Զեմուրից հետո ՀՀ այցելած երկրորդ թեկնածուն դարձավ:

Ի թիվս հայամետ ձևակերպումների, հանդիպումների, ասուլիսի, ըստ որոշ տեղեկությունների, Պեկրեսն այցելել է նաև Արցախ, որը նրա այցի գլխավոր ինտրիգն է, որը փակ է պահվում: Իլ դը Ֆրանսի ղեկավարը Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ըստ նրա, այդ հանդիպումների ընթացքում  խոսել է 2020-ի 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրավիճակի մասին:

Նա նաև կոչ է արել Բաքվին անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին, ինչպես նաև շեշտել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար:

«Կարծում եմ՝ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են»,- շեշտել է Վալերի Պեկրեսը:

Նա գտնում է, որ  Ֆրանսիան կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում, դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Նա նշել է, որ  հունվարին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, ուստի Ֆրանսիան կարևոր դեր ունի համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում: Վալերի Պեկրեսը ցանկություն  է  հայտնել Փարիզում միջազգային կոնֆերանս կազմակերպել ի աջակցություն Հայաստանի:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին, անդրադառնալով ֆրանսիացի թեկնածուների հետաքրքրությանը Հայաստանի ուղղությամբ, ասաց, որ հիմնականում այս հետաքրքրությունը պայմանավորված է հայ համայնքի ձայներով, գլոբալ զարգացումներով և Մակրոնի հարավկովկասյան ակտիվությամբ, հետևաբար՝ Մակրոնի հետ մրցակցությամբ:



Ըստ նրա, բնականաբար, բոլոր թեկնածուները, մրցակցությունից ելնելով, պետք է որոշակի ուղղություններով կարողանան ավելին առաջարկել, ինչ իշխանությունն է անում:

«Մակրոնը, որքան հնարավոր է՝ դա անում է իր իշխանական լծակներով, սակայն հաշվի առնելով նաև այս ուղղության հեռանկարայնությունը, թեկնածուներն իրենց քաղաքականությունն են ձևավորում, որը թելադրված է ընդհանուր առմամբ գլոբալ զարգացումներով:

Ֆրանսիան ներկայումս հետաքրքիր գործընկեր է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար, Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, որը կանգնած է այդ ձևաչափով բանակությունները վերսկսելու ջանքերի ետևում, Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի ինչպես Վրաստանի, Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ֆրանսիան տարածաշրջանում շահեր ունի նաև Իրանի հետ, Թուրքիայի հետ ունի հատուկ հարաբերություններ, այսինքն՝ բազմաթիվ շահերով ու խնդիրներով է թելադրված Ֆրանսիայի ներկայիս հետաքրքրությունը ռեգիոնի նկատմամբ, որից դրդված էլ Ֆրանսիայի նախագահը օրերս կազմակերպեց  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում: Պետք է նկատել նաև, որ նույնպիսի ջանքեր Ֆրանսիան փորձում էր ներդնել պատերազմի օրերին, բայց պատերազմի օրերը բացահայտեցին ողջ Արևմուտքի թուլությունը, խոցելիությունը ռեգիոնում, որը փորձում են վերականգնել, այդ թվում՝ Ֆրանսիայի գործուն մասնակցությամբ»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, այցը ԼՂ՝ նախ աջակցություն է հայկական դիրքորոշմանը հակամարտությունում, ուղերձ է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը պետք է վերականգնվի և դիտարկի ԼՂ-ի հետ կապված հարցեր:

«Սա, կարծում եմ, նաև նշանակում է, որ այցն առնվազն համաձայնեցված էր ռուսական կողմի հետ, ինչը ևս որոշակի քայլ է ԵԱՀԿ ՄԽ-ում կոնսենսուս ձևավորելու ուղղությամբ: Սա նաև ցույց է տալիս, որ առաջիկա ընտրություններն ունենալու են աշխարհաքաղաքական մեծ ուղղվածություն, քանի որ արտաքին քաղաքական ուղղություններին մեծ նշանակություն է տրվում, որը, ինչպես արդեն նշեցի, ունի երեք պատճառ:

Կարծում եմ՝ նման մթնոլորտի պայմաններում ընտրված ղեկավարը տարածաշրջանում ավելին է անելու: Մակրոնի բոլոր հակառակորդները կարծում են, որ Հարավային Կովկասում Ֆրանսիան շատ ավելի մեծ ներուժ ունի, շատ ավելին կարող է անել, եթե չեմ սխալվում՝ նույնիսկ հենց նման հայտարարություններ եղել են: Նրանք բոլորը ցույց են տալիս, որ ավելին են անելու, իսկ իրականում՝ ինչպես կլինի՝ ցույց կտա ժամանակը, գուցե պարզվի, որ սա միմիայն ընտրազանգված գրավելու համար էր, բայց ես այն մտքին եմ, որ կա աշխարհաքաղաքական հենք»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ ընտրությունները Ֆրանսիայում անցկացվելու են 2022 թվականի  ապրիլին, առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն