Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի, մասնավորապես՝ աղքատության, արտագաղթի ու ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ ՀՀԿ 17-րդ համագումարում Սերժ Սարգսյանի հրապարակած մի շարք մտահոգիչ ցուցանիշներ իրարանցում են առաջացրել մերձիշխանական որոշ շրջանակներում և որոշ լրատվամիջոցներում։ Նրանք փորձել են, այսպես ասած, մազ ման գալ այդ հայտարարությունների մեջ, փոխարենը՝ իրենք են հայտնվել զավեշտալի վիճակում՝ ուղղակիորեն հաստատելով այն, ինչ ասել է Երրորդ նախագահը։

Իր մտահոգությունները հայտնելով երկրում աղքատության խորացման վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին։ Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած ցուցանիշների` աղքատության վերին գծի հիման վրա գնահատման դեպքում Հայաստանում աղքատ է բնակչության 47,6 տոկոսը:

Որ Հայաստանում աղքատության մակարդակը խորացել է, հաստատում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնական վիճակագրությունը։ Յուրաքանչյուր երրո՞րդն է աղքատ, երեքուկե՞սը, թե՞ չորրորդը, ինչպես փորձում են իրենց արձագանքներում նախագահի հնչեցրած հայտարարության մեջ «ճշտումներ» մտցնել որոշ շրջանակներ, բոլորովին չի փոխում Սերժ Սարգսյանի ասածների իմաստը։

Աղքատությունը 2020թ. Հայաստանում խորացել է, ու դա փաստ է։ Բնակչության 47,6 տոկոսը մտնում է աղքատության վերին գծի մեջ։ Այդ ցուցանիշով աղքատությունը կտրուկ խորացել է հատկապես անցած տարի՝ 2019թ. համեմատ աճելով շուրջ 3,8 տոկոսային կետով: 2016թ. 37,5 տոկոսի դիմաց էլ 2019թ. այն կազմել էր 44 տոկոս։

Սա վկայում է երկրում առկա աղքատության բարձր մակարդակի ու վատացող դինամիկայի մասին։

Չնայած հայտնի չեն 2021թ. ցուցանիշները, դրանք կհրապարակվեն միայն հաջորդ տարվա վերջին, այնուհանդերձ ոչ մի կասկած չկա, որ այդ դինամիկան շարունակվել է նաև այս տարվա ընթացքում։ Պատերազմի և համավարակի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքների շարունակման, ցածր տնտեսական աճի, իրական աշխատավարձերի նվազման և նվազագույն սպառողական զամբյուղից ցածր նվազագույն աշխատավարձի և միջին կենսաթոշակների պայմաններում տեսանելի չէ որևէ գործոն, որը կարող էր նպաստել աղքատության կրճատմանը կամ գոնե նույն մակարդակի վրա մնալուն:

Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսել էր նաև արտագաղթի ահագնացող տեմպի վերաբերյալ՝ նշելով, որ ««Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում»:

Փոխարենը խորանալու արտագաղթի պատճառների մեջ, դրան ի պատասխան, որոշ շրջանակներ կրկին ասպարեզ են բերել իրենց սիրած ներկաների ու նախկինների թեման՝ պնդելով, թե նախկինում էլ արտագաղթ կար ու նաև ավելի շատ էր:

Ավելի շատ էր, թե քիչ, կարող են վկայել պաշտոնական տվյալները։ Իսկ դրանք ամենևին էլ ներկաների օգտին չեն։

Բայց խնդիրը նույնիսկ դրանում չէ։ Երրորդ նախագահը չէր խոսում նախկին և ներկա իշխանությունների ժամանակների ցուցանիշների վերաբերյալ, այլ մտահոգություն էր հայտնում արտագաղթի կտրուկ վատթարացման առումով:

Իսկ որ այդպես է, կրկին փաստում են պաշտոնական տվյալները։ Միայն այս տարվա 9-ը ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 548,8 հազար և վերադարձել 445,3 հազար ՀՀ քաղաքացի։

Մեկնողներն ավելի քան 103,5 հազարով գերազանցել են ժամանողներին։ Նման ցուցանիշ վերջին տարիներին երբևէ չէր գրանցվել։

Հիմա սա արտագաղթի ահագնացո՞ւմ է, թե՞ ոչ։

Ժամանակին այսօրվա իշխանությունները Հայաստանին մեծ ներգաղթ էին խոստանում, իսկ իրականում բախվել ենք մեծ արտագաղթի հետ, որը դեռ հայտնի չէ, թե առաջիկայում մինչև ուր կարող է հասնել։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ու Հայաստանի շուրջ, միմիայն արտագաղթի խորացման օգտին է։

Նշենք, որ 2018թ. միգրացիոն մնացորդը բացասական է եղել 18,2 հազարով, 2019թ.՝ 16 հազարով։ Միակ բացառությունը եղել է 2020թ., բայց դա միգրացիոն տեղաշարժերի հետ քիչ կապ ուներ և համավարակի ու կիրառվող սահմանափակումների արդյունք էր։

Անարձագանք չի մնացել նաև Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր երկրում ժողովրդագրական իրավիճակին։

ՀՀ երրորդ նախագահը նշել էր, որ «2020թ. վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են», և, որ «այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6,3 տոկոսով»:

Այս արձանագրմանը որոշ քաղաքական շրջանակներ և լրատվամիջոցներ փորձել են հակադարձել՝ մահացության աճի հիմնական պատճառները համարելով կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան պատերազմը: Բայց մոռանում են, որ այդ ամենը եղել է առաջին հերթին գործող իշխանության անպատասխանատու վարքագծի հետևանքով։ Դրա մասին է վկայում նաև այն, որ Հայաստանը 1 միլիոն բնակչության հաշվով համավարակի մահացության թվով աշխարհի բոլոր երկրների շարքում այս պահին զբաղեցնում է 16-րդ տեղը:

Ինչ մնում է արցախյան 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերին, ապա դրա մեղավորությունը, եթե ոչ գործող իշխանությանն է, ապա ո՞ւմն է։ Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի կողմից, որ պատերազմը կարող էր կանխվել և հնարավոր էր խուսափել այդքան մարդկային կորուստներից։ Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական բանակը դեռևս գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված միայն, առաջարկել է կանգնեցնել պատերազմը, սակայն Նիկոլ Փաշինյանը նրա առաջարկին չէր համաձայնել։

Եվ առհասարակ, մահացությունը Հայաստանում ավելացել է ոչ միայն համավարակի ու պատերազմի, այլև բազմաթիվ ուրիշ պատճառներով։ Բայց դա այլ թեմա է։

Մի բան այս ամենում միանշանակ է, որ երկրում թե՛ ժողովրդագրական իրավիճակի, թե՛ աղքատության, և թե՛ արտագաղթի վերաբերյալ այն ցուցանիշները, որոնք հանրապետության Երրորդ նախագահը հնչեցրել է ՀՀԿ համագումարում, իսկապես խիստ մտահոգիչ են։ Փոխարենը դրանց լուծումներ տալու՝ հերթական անգամ փորձեր են արվում քննարկումները տեղափոխել այլ դաշտ, ինչը երբեք էլ լավ տեղ չի տանելու։ Հատկապես որ, նույն իշխանամերձ շրջանակները և լրատվամիջոցները նույն ջանասիրությամբ երբեք աչքի չեն ընկել Նիկոլ Փաշինյանի՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ իշխանափոխությունից հետո արած բազմաթիվ կեղծ ու մանիպուլյացված հայտարարությունների հետևից գնալու ու ճշտումներ անելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն