Մի շարք հուշարձաններ կվերականգնվեն
Կառավարության որոշմամբ, պատմամշակութային մի շարք հուշարձաններ կվերականգնվեն: Ներկայացված նախագծի համաձայն, ԿԳՄՍ նախարարության բյուջեից վերաբաշխվում է, ընդհանուր առմամբ, 128․439․600 դրամ։ Ըստ այդմ՝ 98.401.200 դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` հետեւյալ աշխատանքների իրականացման համար․ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի (X-XI դարեր) պարսպապատի հարավարեւմտյան հատվածին եւ երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներ։
Լոռի բերդ ամրոցի (X-XI դարեր) միջնաբերդի պարիսպների հարավարեւմտյան հատվածի, եկեղեցու եւ երկու բաղնիքների ամրակայման, նորոգման եւ վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակում։ Լոռու մարզի Ամրակից գյուղի ռուսական եկեղեցու (1846 թ․) ամրակայման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում։ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (13-րդ դ․) ամրակայման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում։ Տավուշի մարզի Տավուշ ամրոցի (X դար) պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում:
20.138.400 դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար:
9.900.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:
Hraparak.am