Գյուղացիներից պարզաբանումներ ենք վերցրել Արծվանիկի գյուղապետի կողմից պարտադրանքի հետ կապված. Ոստիկանության պարզաբանումը
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել կապված ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցչի հայտարարության հետ, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։
Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.
«Հայտնում ենք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի ՙԶՊՄԿ՚ ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։
Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։
Հետաքննությունը շարունակվում է»: