Նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, հայհոյանքի հանրային տեսարաններ, դա ավելի է խորացնում խմբերի բաժանելու արատավոր երևույթը. Թաթոյան
Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքայան ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու:
Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները:
Բայց նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ:
Այս ամենի արդյունքում էլ ստացվել է այնպես, որ հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է միայն իշխանավեճի թեմաներով:
Նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։
Անվտանգության հիմնարար հարցերից բացի, օրինակ՝
• Ինչպե՞ս է բացառվելու կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների խորացող մեկուսացումը հասարակությունից, ինչպես է ապահովվելու նրանց ինտեգրումը հանրային կյանքին։
• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը երեխային դպրոց ու մանկապարտեզ տանելու փոխարեն ստիպված չլինի խնամել նրան տանը և ինքն էլ նրան խնամելու համար ազատվի աշխատանքից ու այդպես ընտանիքն ապրի հասարակությունից մեկուսացված վիճակում:
• Ինչպե՞ս է բացառվելու, որպեսզի անվճար բժշկական օգնության կամ սոցիալական ապահովության համակարգի անվերջ բյուրոկրատական ու դատական քաշքշուկների մեջ հայտնված մարդը, ով, ասենք, փորձում է ստանալ իր կենսաթոշակը կամ ենթարկվել բժշկական հետազոտությունների, չզգա իրեն թենիսի մրցաշարի «գնդակի» դերում, երբ բոլորն անվերջ մի վայրից մյուսն են ուղարկում՝ առանց հարցին լուծում տալու:
• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի մարդիկ չմոռացվեն հոգեբուժարաններում իրավական ու վարչական քրոնիկ թերությունների պատճառով, այլ ստնան լիարժեք կյանքի վերադարձին ծառայող նպատակով իրական բուժում:
• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի ոչ թե թղթին տված գեղեցիկ ձևակերպումների ինքնախաբեությամբ, այլ իրական կյանքում քրեակատարողական (բանտային) համակարգն ի վերջո դադարի պատժողական լինելուց և ծառայի մարդուն ազատ արձակման նախապատրաստելու ու իրական կյանք նրա լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակին։
• Ինչպե՞ս են լուծվելու տարբեր վարչական մարմիններում ու դատարաններում գործերի քննության ձգձգումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում մարդկանց պատճառվում են անվերականգնելի վնասներ և այլն։
Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը»,- գրել է նա: