Ամենակոշմարային երազում չէի կարող տեսնել, որ Ալիևի կոշիկները լիզողին ձայն կտան. Նաիրա Զոհրաբյան
«Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» թեմայով իր ղեկավարած հ/կ-ի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի քանի ամիս շարունակել են լինել պատգամավորներ, և ԱԺ ներկայիս ընդդիմությունն իրենց օբյեկտիվորեն մեղադրում էր, որ «Եռաբլուրի» պղծում է՝ լինել այն նույն դահլիճում, որտեղ պարտության կերտողն ու ճարտարապետն է։
«Ես օբյեկտիվորեն ընդունում էի իրենց մեղադրանքը։ Ես ինչո՞ւ եմ խոսում ընդդիմությունից, որովհետև մեր ակնկալիքն ընդդիմությունից է, այս իշխանությունից այլևս որևէ ակնկալիք չունեմ, որովհետև այս իշխանության ցինիզմը հասել է այն աստիճանի, որ իրենք հրապարակավ ընդունում են ու ասում են՝ այո, մենք դավաճան ենք, հանձնել ենք Շուշին։ Բայց այստեղ գալիս է ամենավտանգավորը, ասում են՝ բայց հունիսի 20-ին այդ ամենն իմանալով հանդերձ՝ հասարակությունը մեզ տվեց վստահության քվե։ Այստեղ է, որ երբ մենք հետահայաց նայում ենք, հասկանում ենք՝ գուցե ընդդիմության մեծ սխալը արտահերթ խորհրդարանական ընտրություններին համաձայնելն էր։ Ամենակոշմարային երազում անգամ ես չէի կարող պատկերացնել, որ հանրությունը կգնա և պատերազմը տանուլ տված, Ալիևի առջև ծնկի եկած քաղաքական ուժին կվերարտադրի։ Բոլոր հնարավոր սցենարները ես կարող էի պատկերացնել, բայց ոչ սա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իրեն զարմացնում է, օրինակ, ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների հայտարարությունը Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ։ Ըստ նրա, աբսուրդ է, երբ 2 խմբակցություն՝ 36 պատգամավորով, Անդրանիկ Քոչարյանին սարքում են գործոն և նրա վերաբերյալ հայտարարություն են ընդունում։ Նաև իր համար անհասկանալի է ՊՇՌ թեստի շուրջ ընդդիմության երեկվա խրախճանքը։
«Կարող է ծանր է հնչում, բայց այս խորհրդարանն արյան ծնունդ է, «Եռաբլուրի» արյան ծնունդն է, և այս խորհրդարանը չի կարող ունենալ այլ օրակարգ, որովհետև մենք այսօր գտնվում ենք մեր պետականության կորստի սահմանագծին։ Այսօր ըստ էության մենք ունենք դեակտիվացված Հայաստան, և պիտի վերցնեմ ՀՀԿ-ի բառը, որ այսօր Հայաստանը լիկվիդացիոն գներով հանված է գեոպոլիտիկ աճուրդի»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում