Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի 2022-ի բյուջեն
Գյումրու ավագանին դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում հաստատեց քաղաքի 2022 թվականի բյուջեն. շուրջ 4 մլրդ 900 մլն դրամ կազմող բյուջեի կազմման ուղենիշ է հանդիսացել համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա ծրագիրը։ Համայնքի բյուջեի նախագծի հիմքում դրված եկամուտների ձևավորման և ծախսային ծրագրերի հիմնավորող հաշվարկների կազմման ընթացքում հաշվի է առնվել ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մարտահրավերները, ինչպես նաև 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում արտացոլված ցուցանիշները։
Համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծում որպես հիմնական ուղղություններ առանձնացվել են՝ համայնքային միջոցների հաշվին բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի և ընդհանուր օգտագործման այլ տարածքների վերանորոգման, սեփական եկամուտների, ՀՀ պետական բյուջեի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ու Համաշխարհային բանկի կողմից հատկացված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին փողոցների, մայթերի ասֆալտապատման ու բարեկարգման, քաղաքային լուսավորության ցանցի լուսակետերի ավելացման ու արդիականացման, Գյումրի համայնքի աղբահանության ու սանմաքրման կազմակերպման, զբոսայգիների և պուրակների կանաչապատ տարածքների ավելացման և պահպանման, Գյումրի համայնքում կրթական, մշակութային և մարզական կյանքի աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման ու անցկացման, համայնքային ենթակայության մանկապարտեզներ և արտադպրոցական դաստիարակության ծառայություններ մատուցող հաստատություններ հաճախող, սոցիալապես անապահով երեխաների վարձի մասնակի և ամբողջական փոխհատուցման, մանկապարտեզներին որոշակի գույքով ապահովման, ջեռուցման խնդրի կարգավորման, համայնքային ենթակայության արտադպրոցական կրթական կառույցների հիմնանորոգման ու կահավորման, մարզադպրոցների վերանորոգման և մարզական տարածքների բարեկարգման ծրագրերի իրականացման և այլ խնդիրներ, ինչպես նաև համայնքի սոցիալապես անապահով խավերի ֆինանսական, կենցաղային պայմանների բարելավման, դրանցից օգտվելու հասանելիության և սոցիալական խնդիրների լուծման ուղղությունները։
Նիստի ընթացքում, մինչ բյուջեի հաստատումը, ավագանին հաստատեց նաև Գյումրի համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա ծրագիրը, համայնքապետարանի աշխատակազմը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
Politik.am