Երկրորդ նախագահի ասուլիսից հետո ես համոզվեցի, ու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից տրվող գնահատականների վերաբերյալ ունենք 95 %-անոց համընկնում և այն բոլոր մանիպուլյացիաները, որ իբրև երկրորդ և երրորդ նախագահների միջև կան իրավիճակի վերաբերյալ, քաղաքական տարաձայնություններ, անհիմն են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ կարծիքներին, որոնք Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, Արմեն Աշոտյանը նշեց.

«Ես եկել եմ թրջած «սվեչեքով» Նիկոլին մոմիկ դնելու։ Փաշինյանը արցախյան բանակցությունների հետ կապված ասաց մի քանի զարհուրելի ստեր։ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից` կեղծելով իրականությունը և նախորդ բանակցային գործընթացի վերաբերյալ շատ թուրքական գնահատականներ տալով։ Նա խոսում է այն մասին, որ եթե Ադրբեջանի բնակիչները պետք է վերադառնային Արցախ կամ մասնակցեին հանրաքվեին, ապա դա չէր նշանակի, որ Արցախը պետք է համարեն հայկական։

Նախ՝ 1991թ-ի դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, ինչպիսի՞ն էր այնտեղի բնակչության համամասնությունը, մոտ 70%-ը հայազգի բնակիչներ էին, 20-21%-ը ադրբեջանցիներ էին։ Արցախը 1991-ին հռչակել է իր անկախությունը՝ ունենալով 20-21% ադրբեջանական բնակչություն։ Հետևաբար՝ նրա այդ արտահայտությունը կատարյալ անբարոյականություն է, և նա դրանով ռումբ է դնում այդ հանրաքվեի տակ»,– ասաց նա։

«Մեկ տարի է անցել, քանի՞ թուրք փախստական է վերադարձել «ազատագրված» տարածքներ, եթե փախստականները չեն գնում իրենց զորքի տակ գտնվող տարածքում ապրելու, գալու էին հայկական զորքի տարածքի տակ ապրելո՞ւ։  Եթե անգամ նրանք վերադառնային, այդ պետությունը հայկական չէր լինելու։ Այսպիսով` Արցախի ադրբեջանական բնակչության մասնակցությունը հանրաքվեին ոչ մի նշանակություն չէր ունենալու Արցախի հայկական ապագային»,- ասաց Աշոտյանը։

Անդրադառնալով 2016-ին հակամարտող կողմերին առաջարկված բանակցային փաթեթներին և դրանց վերաբերյալ Փաշինյանի տված գնահատականներին, Աշոտյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը ասել է, որ «2016-ից հետո բանակցային փաթեթը ստացավ եռամակարդակ վիճակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր, համանախագահ երկրների մակարդակով հայտարարություն և ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշում»։

«Փաշինյանն ասում է ինքնորոշման իրավունքը տարան գցեցին ՄԱԿ-ի ԱԽ։ 1993-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է չորս բանաձև, որի նպատակը Արցախի կարգավիճակի որոշումը չէր, այլ ռազմական գործողությունները կանգնեցնելը։ Եթե Փաշինյանը ճիշտ է, և ԱԽ-ն փորձում էր լուծել կարգավիճակի հարցը, ապա Մինսկի խումբն ինչի՞ համար էին ստեղծել։ Ադրբեջանը 30 տարի փորձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի այդ երեք բանաձևերը խեղաթյուրել և օգտագործել Հայաստանի դեմ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ գրեթե բառացիորեն ցիտել է Իլհամ Ալիևի և հոր դիրքորոշումները ՄԱԿ-ի Ախ-ի հետ կապված և հիմնավորել, որ Ալիևները ճիշտ էին, հայ ժողովուրդը՝ սխալ։ Ինչո՞ւ ՄԱԿ-ը 1993-ից հետո էլ բանաձևեր չընդունեց, որովհետև 1994-ի մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարը, իսկ ԱԽ-ի ֆունկցիան պատերազմը կանգնեցնելն էր և երկրորդ` Մինսկի խումբը սկսեց աշխատել»,– ասաց նա։

Արմեն Աշոտյանը նշեց, որ ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել էր, որ երեք փաստաթղթերի մակարդակով խնդիրը պետք է ստանար հայանպաստ լուծում։ Նաև հիշեցրեց, որ 2017-ին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ գործընկերության համաձայնագիր, այդ փաստաթղթում գրված է, որ Արցախյան հարցում ԵՄ-ն հավատարիմ է հիմնարար սկզբունքներին և Մինսկի խմբի կողմից 2008-ից  այս կողմ ընդունված առաջարկություններին։ 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն