Արման Բաբաջանյանն առաջիկա ընտրությունները համարում է որպես անկախության հանրաքվե
Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը քարոզարշավի շրջանակում հանրահավաք իրականացրեց Արտաշատում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտաշատցիների հետ հանդիպմանը դաշինքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն ասաց. «Այսօր դաշինքն իր գլխավոր կարգախոսն է վերցրել՝ «Ընդդեմ գողապետության, հանուն հանրապետության», այնպիսի հանրապետության, որը կապահովի հայ ժողովրդի թռիչքը, առաջընթացը, զարգացումը»:
Դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը խոսեց ներքաղաքական թեմաներով: Ըստ Բաբաջանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմակիցների՝ այսօր ընտրություններին մասնակցելը խոսում է ոչ թե նրանց ուժի, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլության մասին: «Եվ մենք թույլ չենք տալու, որ այդ թուլությունը շարունակվի: 3 տարի անձնապես ամեն ինչ արել եմ, որ իշխանության թիկունքն ամուր լինի»:
Բաբաջանյանը անելու է ամեն ինչ, որ նախկիններն իշխանության չգան:
«Այս ընտրությունները անկախության հանրաքվեներ են, և ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնաք և ձեր կամքը ի ցույց դնեք ամբողջ աշխարհին, պարտադրեք, որ ձեր իշխանության, ժողովրդի իշխանության հետ աշխարհը հաշվի նստի»,- նշեց նա:
Բաբաջանյանը կարևորեց, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ՀՀ-ի այլ գործընկերներ տեսնեն, որ Հայաստանում ժողովրդավարությունն են ընտրել՝ որպես անշրջելի իրողություն: