Դավիթ Մուրադյանի «Ձեռքով գրված նամակներ»-ը
«Ձեռքով գրված նամակներ». այսպես է կոչվում գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի գեղարվեստական արձակը, թատերական նովելներն ու երկխոսություններն ամփոփող գիրք ժողովածուն, որը հրատարակվել է հեղինակի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։
Գրքի շնորհանդեսին, որն անցկացվում էր Կինոյի տանը, ելույթներ ունեցան Մուրադյանի ընկերները, կինոգործիչներ, գրողներ, ովքեր խոսեցին Դ․ Մուրադյան գրողի եւ կինոգետի մասին, իսկ ինքն իր մասին այսպես արտահայտվեց․ «Ես երկկենցաղ մարդ եմ, երկուսն էլ ինձ համար բնակության տարերքներ են, բայց երբ մի «ջրից» շատ երկար ժամանակով եմ դուրս գալիս, շնչահեղձ եմ լինում, ինչպես Իխտիանդրը, դրա համար վերադառնում եմ այն մյուս «ջուրը», որ շարունակեմ ապրել։ Այսպիսով մի ամբոջ կյանքի ընթացքում կինոն ու գրականությունը եղան ինձ համար օդ շնչելու տեղեր, թե ով ինչքան խլեց մյուսից, ով ինչքան բերեց մյուսին, չեմ կարող ասել, բայց այս դիագնոզը այն դիագնոզն է, որ կյանքին կյանք է ավելացնում։ Այդ իմաստով ինձ համարում եմ բախտավոր, իմ կյանքն էլ ստացված, որովհետեւ այդ 2 աշխարհները դարձան իմ կենսամիջավայրը, եւ այդ 2 աշխարհների շնորհիվ ես հայտնաբերեցի բազմաթիվ տաղանդավոր, պայծառ, անկրկնելի մարդկանց, որոնք իմ կենսագրությունը լցրել են իրենց անհատականություններով»։
Սրահում ցուցադրված էին նաեւ Դ․ Մուրադյանի գեղանկարչական աշխատանքները, այս մասով նա նկատեց, որ դա վերջին տարիների իր հոգեկան մխիթարությունն է ու լռելու ցանկությունը․ «Ես նկարիչ չեմ, պարզապես սիրում եմ նկարել, ասեմ՝ ինչու, որովհետեւ սա հիանալի հնարավորություն է օրվա մեջ մի 7-8 ժամ լռելու, թե չէ մեր գործը խոսքի սպառման գործ է, իսկ վեդաներում գրված է․ ով խոսում է՝ նա սպառում է իր կյանքը, ով լռում է՝ կուտակում է։ Ես էլ վերջին 3-4 տարիների ընթացքում գտել եմ այս ձեւը, որ օրվա մեջ գոնե 7-8 ժամ լռեմ, ու երբ հաջորդ օրը գրիչ ես վերցնում, տեսնում ես, որ ավելի լավ ես գրում»։
Անդրադառնալով «Ձեռքով գրված նամակներ»-ին՝ հեղինակը նշեց, որ գրքում զետեղված են գործեր, որոնք մինչ այս չէին տպագրվել․ «Մյուս կեսը այլ գործեր են, որոնք ընթերցողին գուցե հայտնի են։ Սա մի տեսակ հանրագումար էր, որովհետեւ ամոթ էր դիմավորել այս սահմանագիծը առանց մի որեւէ ստեղծագործական արդյունքի»։
Hraparak.am