Մեր պատվիրած հարցումներով ՔՊ-ն 3,5 անգամ շատ ձայն ունի, քան «Հայաստան» դաշինքը. Հարությունյանը՝ «Գելլափի» հարցման մասին
«GALLUP International Association» հայաստնյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով, թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նշեց, որ ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։
«GALLUP International Association»-ի հարցումներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:
Հարությունյանը մասնավորապես նշել է, որ երբ Գելափը սկսեց հետևողական նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տոկոսները, տեխնոլոգները իրենց զգուշացրել են, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը:
«Քանի որ մեզ էլ էր անհրաժեշտ այս ամենին փաստարկված պատասխանել, այս շաբաթվա սկզբին սոցհարցում պատվիրեցինք մեր ներքին օգտագործման համար, և պարզվեց, որ հունիսի 7-10-ն ընկած ժամանակահտվածում իրականացված հեռախոսային հարցման արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 3,5 անգամ ավելի շատ ձայն է հավաքում, քան Հայաստան դաշինքը, 30 անգամ ավելի, քան Բաբաջանյան-Շիրինյան, Բարգավաճ Հայաստան և Հանրապետություն կուսակցությունները:
Դե իսկ հանրահավաքների պարզ դիտարկումներն էլ հաստատում են իմ հրապարակած թվերի համապատասխանությունը: Ակնհայտ է, որ տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարող են մոլորեցնել:
#ԱպագաԿա
Հ.Գ. Հեղափոխությունից հետո Գելափն էլ հնարավորություն ուներ բարձրացնելու իր շատ ցածր վարկանիշը: Ցավոք, չօգտվեց այդ հնարավորությունից»,-նշված է Հարությունյանի գրառման մեջ: