Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո պետք է կայանար անդրանիկ նիստը, սակայն լաևրված իրավիճակ է ստեղծվել, նիստը չի կայանում։

Ընտրված ավագանու ընդդիմադիր անդամներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք ժամը 10-ին ներկայացել են համայնքապետարան, գրանցվել, որ մասնակցեն նիստին, ու կայանա համայնքապետի ընտրությունը, սակայն ոստիկանության ծառայողներն ու Վարդենիսի արդեն նախկին համայնքապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար Արամ Մելքոնյանը խոչընդոտել են նիստի կայացումը։

«Ավագանու երկու անդամներին փորձում են բերման ենթարկել, և որևէ հիմք չի ներկայացվում։ Որևէ ծանուցում, որևէ փաստաթուղթ չեն ներկայացնում։ Փորձեցինք ամեն կերպ խոչընդոտել նրանց բերման ենթարկելուն»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։ Նրա խոսքով՝ երկու՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքներն ավագանու 14 անդամ ունեն, ինչը բավարար է թե՛ քվորում ապահովելու, թե՛ համայնքի ղեկավար ընտրելու համար։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 13 մանդատ։ Մենք երկու դաշինքներով համագործակցության հուշագիր ենք ստորագրել, որ առաջադրելու և պաշտպանելու ենք «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածուին։ Այսպիսի գործողություններով խոչընդոտվեց ավագանու նիստը, և ավագանու անդամներից երկուսին, որոնցից մեկն էլ համայնքի ղեկավարի թեկնածուն է, փորձում են բերման ենթարկել։ Հազարավոր մարդկանց ձայներն այս կերպ ոտնահարելն իրավական չէ։ Փաստացի, այս պահին իշխանության կողմից խոչընդոտված է նիստի կայացումը»,-ասաց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամը։

Ընդդիմադիր խմբակցություններից մեկի անդամն էլ նշեց, որ երբ այսօր ներկայացել են ավագանու նիստին, Արամ Մելքոնյանը ի սկզբանե խոչընդոտել է նիստի կայացումը, իսկ ավագանու ընդդիմադիր անդամներից մեկին հրավիրել առանձնազրույցի։

Հիշեցնենք՝ Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն