2021 թվականին Հայաստանում 572 կմ ճանապարհ է կառուցվել
2021 թվականին Հայաստանում 572 կմ ճանապարհ է կառուցվել, կառավարության այսօրվա նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Սա բավական լավ ցուցանիշ է։ Մյուս կողմից, եթե մենք գումարենք նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները, այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքներ։ Բոլորը միասին կստանանք, որ 2021 թվականին Հայաստանում կառուցվել է 750 կմ ճանապարհ։ Բարդ տարի էր, տարին առանձնահատուկ էր նրանով, որ մի շարք չնախատեսված աշխատանքներ են իրականացվել, մի շարք ճանապարհներ են կառուցվել, որոնք 2020 թվականին նախատեսված չէին»,- ասաց Սանոսյանը։
Ըստ նրա՝ մեկնարկել են Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման աշխատանքները։ «Ուզում եմ նշել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է։ Մենք 20 կմ ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում։ Եվ այս տարին նաև կառանձնանա նրանով, որ սովորաբար 3-4 ամիս ճանապարհաշինարարաները գնում են հանգստի, մենք 7-8 վայր ունենք, որտեղ որևէ օր աշխատանքները չեն դադարի։ Հիմնականում Սյունիքում են այդ աշխատանքները։ Իսկ 2022 թվականին ավելի մեծ առաջադրանք կա մեր առջև դրված»,- նշեց Գնել Սանոսյանը։ Ըստ նախարարի՝ պաշտպանության նախարարության հետ համագործակցելով՝ այս տարի մոտ 92 կմ ճանապարհներ են կառուցվել, որոնք նախատեսված չէին։
Lragir.am