Եթե մենք ուզում էինք Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում, հակառակորդին միշտ պետք է հույս տայինք, որ բանակցային ճանապարհով ինքն ինչ-որ չափով իր հարցերը լուծելու էր, Չարենցավանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե ուզում էիր պատերազմ սկսվեր, պետք է ասեիր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», և մենք ոչ մի քննարկելու բան չունեինք, այն, ինչ արեց մեր իշխանությունը: Բանակցային գործընթացի վրա խաչ քաշվեց և ամբողջն ուղղվեց դեպի պատերազմ: Այստեղ ևս մեկ մեծ սխալ կա, որն արվեց վերջերս: Ժողովուրդների ինքնորոշման տիրույթից հարցը տեղափոխել ենք տարածքային ամբողջականության տիրույթ: Սա նշանակում է, որ դու Ադրբեջանին լեգիտիմ իրավունք ես տալիս հարցը լուծել ուժային ձևով: Պատճառներից մեկն էլ դա է, որ ոչ մի երկիր չդատապարտեց: Ոչ մի երկիր չդատապարտեց այն երկրին, որը սկսել էր պատերազմը», - ասաց Քոչարյանը:

Վարչապետի թեկնածուի խոսքով, դա մեր դիվանագիտության պարտությունն է, որը բացատրություն չունի: Նա միաժամանակ նկատեց, որ սխալը դիվանագետները չեն, Քոչարյանի գնահատմամբ, մեր դիվանագիտական անձնակազը բավական լավն է.

«Ուղղակի մեկին նստացրել են վերնախավում, ով մեկ մարդու հրահանգներ է կատարում: Մյուս անձնակազմը ո՛չ հանձնարարական, ո՛չ էլ ինչ-որ բան անելու ուղենիշ չէին ստանում»:

Նա նաև ընդգծեց, որ հարցը մենք պետք է ինքնորոշման իրավունքի տիրույթ հետ բերենք:


Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն