Ավելի մեծ աղետն առջևում է, ուստի արցախցին պետք է ընդվզի. Արթուր Ղազինյան
Ադրբեջանի ժողովրդի շահերը պաշտպանող Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է հարկադրված, որովհետև նա նախ կոլաբորացիոնիստ գործարար է, որը պատրաստ է համագործակցել ցանկացած իշխանության հետ, բայց քանի որ Արցախում ստեղծվեց մի վիճակ, որին պետք էր ընդդեմ քայլ անել ու կանխել Փաշինյանի իշխանության համար վտանգավոր հաջորդ հայտարարությունն ու դրան հաջորդող գործողությունը, Արայիկ Հարությունյանը գնաց ճարահատյալ հայտարարության։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես գնահատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն Արայիկ Հարությունյանի քայլը.
«Արցախում ստեղծվեց մի վիճակ, որը պարտադրեց Արայիկ Հարությունյանին ընդառաջ քայլ անել, ինչն ուներ նաև մարտավարական նպատակ, որ հետո նա գնար խորհրդարան ու հանրային էլիտայի շերտերին ասեր՝ դե, ես ասել եմ ու երկրորդ ու երրորդ անգամ ասելու կարիք չկա։ Իր հայտարարությունը նպատակ ուներ կանխել Փաշինյանի իշխանության համար վտագավոր հաջորդ հայտարարությունն ու դրա տակ դրվելիք գործողությունը, ուստի Արցախի ժողովուրդը պետք է ընդվզի, պետք է իր կամքն արտահայտի։ Որ պահին արցախցիներն ընդվզեցին, այդ պահին Հայաստանը կկանգնի արցախցիների կողքին, որովհետև շատ ավելի մեծ աղետը դեռ առջևում է»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի առջև արցախցիների դրած հստակ պահանջն էլ կարող է հիմք դառնալ Արցախի կողքին չկանգնող Հայաստանի իշխանության հեռացման համար։
Ղազինյանի խոսքով՝ սեփական աթոռին կառչած Փաշինյանը գուցե արցախցիների ընդվզման դեպքում գնա շանտաժի գործիքների կիրառման՝ ընդհուպ կտրելով Հայաստանից Արցախ ուղղվող բյուջետային միջոցները, սակայն, անգամ սա չպետք է ետ կանգնեցնի արցախցիներին, որովհետև Հայաստանի իշխանությունը արցախցիներին կանգնեցնում է ադրբեջանացման, Արցախը՝ Ադրբեջանի տարածք հռչակելու և այդ պայմաններում այնտեղ ապրելու խնդրի առաջ, իսկ նման զարգացման դեպքում բավականին թուլանալու են Արցախում Ռուսաստանի դիրքերը. Ռուսաստանը տեսնելու է, որ կոնֆլիկտի մի կողմը համաձայն է ադրբեջանացման, ու հարց է դնելու՝ իսկ ինչո՞ւ պետք է խաղաղապահներն այնտեղ լինեն։
«Ռուսաստանը ստիպված կլինի նահանջել, ինչը հանդիսանում է Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը, որպեսզի իրենց համար լրջագույն գլխացավանք համարվող ռուս խաղաղապահների ներկայության հարցն Արցախում դրվի հարցականի տակ ու դելեգիտիմացվի»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
168.am