Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ ու էժան քայլեր մի արեք, հարց է՝ ինչու հասանք այս վիճակին և ում մեղքով պատերազմը չկանգնեց հոկտեմբերի 19-ին՝ անհամեմատ շահավետ պայմաններով․ Օ․ Գասպարյան
ArmLur.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը եւ նշեց. «Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում,ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն, սակայն կան հանգամանքներ, որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։
«……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը…..»։
Այո ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք եւ ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը, միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին կամ զգացմունքային հայտարարություններ անում՝խուսափելով պատասխանատվությունից(որ հիմա ասեն մենք կապ չունենք)։
Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց եւ միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։
Եթե կարող էին թող չստորագրեին…
Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ եւ էժանագույն քայլեր մի կատարեք։
Այլ հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին, եւ ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։
Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին. նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական ժամանակահատվածում(այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):
Համոզված եմ, որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
Նշենք, որ Այսօր Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի բնակավայրերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին ու հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։
«Էսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը և այլն և այդպես շարունակ, ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Ի՞նչ նկատառումներով, ես դրա մասին հետո կխոսեմ, իմ կռահումների մասին, կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, որովհետև և այլն, և այլն, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է», – նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայաստանյան անկլավների հարցը բանակցային օրակարգում եղել է դեռևս 1999 թվականից։ Ըստ նրա՝ այդ մասին հիշատակված է վերջերս իր կողմից հրապարակված Մեղրիի փոխանակման փաստաթղթում, որը երկար ժամանակ գաղտնի է եղել։ Այսօր ևս Փաշինյանը 99 թվականի այս փաստաթղթի հետ կապեց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունը։ Կարդաց Մեղրին փոխանակելու նախագծի կետերից մեկը, որով բանակցությունների սեղանին դրված պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։ Երկրի ղեկավարը ներկայացրեց իր պատկերացումներն այս հարցի վերաբերյալ։
«Մենք կարծում ենք, որ հետևյալն է՝ միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան, որ այն իրավիճակը, որ կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնում են, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշենը ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ», – ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:
Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի մի քանի տասնյակ կիլոմետրանոց հայկական տարածքներ այսօր գտնվում են ադրբեջանական տիրապետության տակ։ Դրանց վերադարձի հարցը բարձրացրել են Ադրբեջանի առաջ.
«Ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում, և այդ ընդհանուր համատեքստում մենք կշարունակենք գնալ առաջ»: