Ղազախստանի հարցով ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ (տեսանյութ)
Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ-ի առցանց գագթնաժողովը՝ Ղազախստանի հարցով, մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանկ զոհվածների:
Հանդիպման սկզբին լռության րոպե է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև վերջինս ներկայացրել է հանդիպման օրակարգը և խոսքը փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Առցանց հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է РБК-ն:
Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
Tert.am