Արդեն հինգ օր Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարել չի հաջողվում
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:
Այսօր վաղ առավոտյան դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։ Սահմանվել է հերթապահություն։
Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել է հրդեհի նոր երկու օջախ, որոնցից մեկը մարվել է, արդյունքում այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։ Հրդեհի երկրորդ օջախը մեկուսացվել է․ տարածման վտանգ չկա։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար, երկու բեռնատար մեքենա, հինգ տրակտոր, օժանդակ մեքենա (ջրատար), երկու ինժեներական տեխնիկա և ինքնաթափ մեքենա։