Արցախի Հանրապետության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Ադրբեջանական զինուժը հունվարի 10-ին ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է», նշված է հաղորդագրության մեջ:





Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն