ԱՄՆ-ի հայերը և նրանց գործընկերները միանում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կոչին, որն ուղղված է նախագահ Ջո Բայդենին և Կոնգրեսի առաջնորդներին։ Նրանք կոչ են անում արմատապես փոխել Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ և համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այս մասին ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ անհրաժեշտ են քայլեր Արցախի անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համար: Կազմակերպությունը կոչ է անում հստակ մատնանշել Բաքվի և Անկարայի ռազմական հանցագործությունների պատասխանատվության հարցը, միջոցներ ձեռնարկել հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ, ամրագրել Հայոց ցեղասպանության համապետական հիշողությունը:

Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդները չեն կարողացել բացահայտորեն դատապարտել ժողովրդավարական Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները, որոնք կատարվել են բռնատիրական Ադրբեջանի, Թուրքիայի և դաշնակից ԻԼԻՊ-ի կողմից։

«Մեր կառավարությունը, ի հեճուկս առկա փաստերի, հրաժարվում է դատապարտել այն դաժանությունը, որով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հպարտությամբ պարծենում է՝ հայ խաղաղ բնակչությանը վտանգի ենթարկելով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ANCA-ն նախագահ Բայդենին և Կոնգրեսի առաջնորդներին առաջարկում է վերջ դնել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային ԱՄՆ-ի մասնակցությանը, այդ թվում՝ հրաժարվել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածից, դադարեցնել ԱՄՆ-ի ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին անվտանգության ոլորտում: Առաջարկվում է նաև առնվազն 100 մլն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ենթարկված ավելի քան 100 հազար հայերին և ապահովել նրանց անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն