ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ավագանու անդամին դուրս հանեցին նիստերի դահլիճից. Վարդենիսի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ (տեսանյութ)
Գիտեք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիսում առաջադրվել էր երեք քաղաքական ուժ` «Ահարոն Խաչատրյան», «Միասնական Վարդենիս» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքում տասը մանդատ ստացավ «Ահարոն Խաչատրյան դաշինքը», հինգ մանդատ «Միասնական Վարդենիս» դաշինքը և տանսերկու մանդատ ՔՊ-ն։ Այս մասին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ասուլիսի ժամանակ ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով Վարդենիս խոշորացված համայքնում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին։
«Կասկածելի վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքի մեկ մանդատը պակասել է և դաշինքը ունեցավ չորս մանդատ։ Կասկածելի է այն պատճառով, որ մեկ մանդատը արժեցավ մեկ քվե և այդ մեկ քվեն որոշիչ եղավ։ Սա բնականաբար բողոքարկվել է, որից հետո ընտրական հանձնաժողովներին դիմելուց և որևէ արդյունք չստանալուց հետո դիմեցինք Վարչական դատարան, որը անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները, ինչը մեր կարծիքով իրավաչափ չէ։ Մեր դաշինքի առաջատար Արամ Հարությունյանին կանչեցին Քննչական բաժանմունք, ձերբակալեցին, այնուհետև ենթարկեցին երկամսյա կալանքի, ինչը խիստ քաղաքական որոշում էր, որովհետև դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա հրաժարվեց կոալիցիոն հուշագիրը ստորագրել ՔՊ-ի հետ։ Դրանից հետո կայացած բոլոր որոշումները խիստ քաղաքական որոշումներ էին, որոնք չեն տեղավորվում իրավական հարթության մեջ։ Բոլորդ ականատես եղանք Վարդենիս ավագանու առաջին նիստի, որտեղ երկու խմբակցությունների ավագանու անդամներին դուրս բերեցին նիստերի դահլիճից, աննախադեպ մի երեույթ, որը ՀՀ պատմության մեջ տեղի չէր ունեցել»,-ասաց նա։
Շահնազարյանը նշեց, որ այս պահին խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել Վարդենիսում։
Անդրադառնալով Վարդենիսում հետընտրական իրադարձություններին` «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Խաժակ Մկրտչյանը նշեց, որ ընտրությունների արդյունքներից հետո հետո «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու հուշագիր են ստորագրել` ավագանիում 27 մանդատներից ստանալով 14-ը։
«Մանդատի ստացումից հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատակազմը պետք է նախաձեռներ համայնքի ղեկավարի ընտրություն, չգիտես ինչու այդ ընտրությունը ձգձգվեց մինչև շաբաթվա վերջ, մինչև վերջին աշխատանքային օրը` դեկտեմբերի 30։ Այդ օրը ավագանու մեր կազմով այցելեցինք կազմակերպելու համայնքի ղեկավարի ընտրությունը, այդ նիստի մասին պատշաճ ձևով տեղեկացված էին ավագանու բոլոր անդամները։ Անհասկանալի պատճառներով մեր աշխատանքները խոչընդոտեցին ոստիկանները։ Այդ խոչընդոտները հաղթահարելուց հետո մենք արձանագրեցինք համայնքի ղեկավարի ընտրության փաստը։ Այն պահին, երբ արձանագրությունները պետք է ի պահ տրվեր աշխատակազմի ղեկավարին, նրան անհասկանալի ձևով զանգահարեցին, կանչեցին ու նա այլևս չվերադարձավ նիստերի սենյակ»,-նշեց նա։
Մկրտչյանը նշեց, որ ավագանու իրենց անդամները, օգտվելով նիստ գումարելու և համայքնի ղեկավար ընտրելու իրավունքից, ապահովելով 50+ ձաներ, համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին։
Դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց, որ խոչընդոտվել է նաև համայքնի ղեկավարի երդմնակալության արարողությունը, և այն տեղի է ունեցել ոչ թե հանայքապետարանի ներսում, այլ բակում։
«Մեր համայնքի ղեկավարը դեռևս չի կարողանում իրականացնել իր լիազորությունները, քանի որ այն իրավիճակը, որ նրան թույլ չեն տալիս մտել շենք, դեռևս հաղթահարված չէ»,- ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Խաժակ Մկրտչյանը։
Tert.am