Հորդորում ենք հաշվի առնել մեր ուժի նկատմամբ խտրական վերաբերմունքը. ԱԺԲ հայտարարությունը
Հանրային հեռուստաընկերությունն ընդգծված խտրական վերաբերմունք ՝ դրսեւորում մեր քաղաքական ուժի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բեւեռը:
Հայտարարությունում ասվում է. «Երեկ՝ Հունիսի 11-ին, 19:00, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Ազգային-Ժողովրդավարական բևեռը Ազատության հրապարակում իրականացրեց հանրահավաք, որին հաջորդեց երթ դեպի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով՝ խոհեմության կոչ հնչեցնելու նպատակով: Հարկ ենք համարում նշել, որ տեղի ունեցավ այս քարոզարշավի ընթացքում մինչ օրս արձանագրված ամենամեծ քարոզչական հանրահավաքը և երթը:
Վերոնշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, շարունակելով Ազգային-ժողովրդավարական բևեռի տեղեկութային շրջափակումը, ընդհանրապես չի անդրադարձել հանրահավաքին և երթին։ Հակառակ նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի փուլում պարտավորություն ունի հավասարապես լուսաբանելու գործընթացում գտնվող բոլոր քաղաքական ուժերի ծավալած գործունեությունը, հավատարիմ է մնում իր խտրական վարքագծին:
Դիտորդական առաքելություններին հորդորում ենք հաշվի առնել մեր քաղաքական ուժի նկատմամբ Հանրային հեռուստաընկերության ընդգծված խտրական վերաբերմունքը, ինչը փաստում է նաև ի սկզբանե ընտրական գործընթացի ոչ արդար լինելու մասին։