Ոչ մի հոդված չի կարող ինձ զրկել զայրույթս արտահայտելու իրավունքից․Արմինե Ադիբեկյանը՝ գրառման համար Ոստիկանություն հրավիրվելու մասին
Այն գրառման մեջ, որի համար հրավիրվել եմ Ոստիկանություն, ուղղակի ցիտել եմ Նիկոլ Փաշինյանի գրքում օգտագործված բառամթերքը՝ իր համախոհների և թիմակիցների հասցեին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
«Մարդիկ, որոնք անպատվություն են բերել մեր գլխին և շարունակում են անպատիվ քայլեր կատարել հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, «զորբայությամբ» և ապօրինությամբ փորձում են իրենց արժանապատվությունը հաստատել։ Արժանապատվությունը ձեռք է բերվում պատշաճ աշխատանքով, կերտվում է ամեն օր բարի գործերով, հայանպաստ և պետականաշեն գործողություններով, ոչ թե ինձ ու կոլեգաներիս նմաններին «քաղմաս» բերելով, քրեական գործ հարուցելով և մեզանից փող քերթելով։ Միգուցե դուք ձեր արժանապատվությունը կրկին դրել եք վաճառքի և փորձում եք մեզանից փող պոկել։ Անգամ իրենց անպատվության հաշվին են փորձում փող աշխատել»,-ասաց Ադիբեկյանը՝ վստահեցնելով, որ այդ գործիքը չի աշխատի։
«Նրանք չեն կարողանալու ինձ ու ինձ նմաններին լռեցնել, ոչ մի հոդված չի կարող ինձ զրկել զայրույթս արտահայտելու իրավունքից»,-ասաց ադրբեջանագետը՝ հորդորելով կարդալ Փաշինյանի գիրքն ու դրանում առկա բառամթերքը։
Tert.am