Մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում, և դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է․ Նիկոլ Փաշինյան
Մեր ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա հինգ տարվա ընթացքում 500 մանկապարտեզ կառուցել։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հանձնարարել է ծրագրի մեջ փոփոխություն իրականացնել։
«Ըստ այդմ՝ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70–80 տոկոս, այսինք սահմանամերձ համայնքներում 80 տոկոս, մյուս համայնքներում 70 տոկոս։ Բայց համայնքը այլ պարտավորություն էլ պետք է վերցնի, որ շահագործումից հետո մանկապարտեզի կարիքները պետք է հոգալ, խոսքը պահպանման ծախսերի, աշխատանքային ֆոնդի մասին է»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև դեպի արոտներ տանող ճանապարհի մասին։ «Այսօր Հանրապետությունում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում, և մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է, կամ նորմալ ճանապարհների բացակայությունն է և նաև խրախուսում ենք ծրագիր, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ գալը ինքնարժեքի մեջ շատ մեծ բաղադրիչ չկազմի, ներդրումային հետքաքրքրություն առաջացնենք»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հաջորդ նորամուծությունը համարեց ինտերնետի մալուխներ անցկացնելու ծրագիրը։
Tert.am