Վարչապետն իրատեսական է համարում 5 տարում 500 մանկապարտեզի կառուցումը և հիմնանորոգումը
Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երկրի ղեկավարի խոսքով` եթե համայնքը պատրաստակամություն է հայտնում 20 տոկոսով ֆինանսավորել մանկապարտեզի կառուցումը կամ հիմնանորոգումը, ապա կառավարությունը կհամաֆինանսավորի:
«Այստեղից այլ պարտավորություն էլ պետք է համայնքը վերցնի, որ շահագործման պահից հետո մանկապարտեզի կարիքներն ինքը պետք է հոգա։ Խոսքը պահպանման ծախսերի, աշխատավարձի ֆոնդի մասին է։ Ըստ այդմ, այն համայնքներին, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզի նորոգման կամ կառուցման համար, կառավարությունը 70-80 տոկոսով ֆինանսավորում կիրականացնի»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց` սա անում են 5 տարում 500 մանկապարտեզ կառուցելու և նորոգելու կառավարության նախագծի համար, և այս բանաձևը, ըստ Փաշինյանի, իրատեսական է դարձնում սահմանած նշաձողին հասնելը:
Armenpress.am