Բացահայտվել է գարեջրատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 11-ին ժամը 23:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող զենքով, իր անձի առավելությունն ընդգծելու և իր կամքը շրջապատին հակադրելու մոլուցքով տարված, Երևան քաղաքի Ա.Վշտունու փողոցում գործող գարեջրատանը կրակոց է արձակել նույն գարեջրատան աշխատակցուհու  ուղղությամբ՝ վերջինիս ծնկի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք, խաթարելով գարեջրատան բնականոն աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել են 7X62 մմ  տրամաչափի պարկուճ, գնդակի պատյան, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի՝ 1990թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն