Քաղաքացիական պատերազմ կլինի Հայաստանի ներսում, եթե ՀՀ իշխանությունն այդ քայլն անի. Հարութ Սասունյան
Հունվարի 14-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի և Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, իսկ դրանից մի քանի օր առաջ՝ հունվարի 11-ին, Ադրբեջանը Հաաստանի օկուպացրած սահմաններից կրակեց հայ դիրքապահների ուղղությամբ ու սպանեց 3 հայ զինվորի, ինչից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարն աջակցություն հայտնեց Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների կարգավորմանը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը նշեց, որ, ինչպես հունվարի 11-ին արձանագրված սանձարձակությանը Թուրքիայի աջակցությունը, այնպես էլ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների կողմից մեզ պարտադրվող որևէ զիջման չհակադրվելու քաղաքականությունը ցույց են տալիս, որ հիմա ամենևին էլ ժամանակը չէ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար։
«Հիմա նման բանակցությունների համար ամենավատ ժամանակաշրջանն է։ Նախկինում, երբ կողմերը բանակցություններ էին փորձում վարել, մենք հաղթողի դիրքերում էինք ու բավականին ինքնավստահ էինք հանդես գալիս, իսկ հիմա բանակցելու ենք թույլի, պարտվածի դիրքերից՝ հատկապես, որ Հայաստանի վարչապետն ամեն տեսակի զիջումների գնում է՝ սկսած գերիների վերադարձից, վերջացրած հողատարածքների զիջման հարցերով։ Նման պայմաններում գտնվող Հայաստանի համար թուրքերը անընդհատ նախապայմաններ են առաջ քաշելու՝ հատկապես, որ նախապայմանների վերաբերյալ թուրքական կողմն անում է իրար հակասող հայտարարություններ։ Օրինակ՝ երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի մամլո խոսնակը Չիկագոյում ասաց, որ թուրքական կողմն ունի որոշ նախապայմաններ, որոնք պետք է Հայաստանի իշխանությունների հետ լուծեն, իսկ դա նշանակում է, որ նախապայմաններ կան, որոնցից մեկը հետևյալն է՝ Հայաստանը պետք է վերջնականապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հրաժարվելով Արցախից։ Երկրորդ նախապայմանով Թուրքիան Հայաստանից պահանջում է իր ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը»»,- ասաց Սասունյանը՝ շեշտելով, որ ցավալի է, որ հայկական կողմից այս նախապայմաններին հակադրվելու որևէ քայլ չի տեսնում։
Սասունյանի խոսքով՝ Թուրքիան 1993 թվականին միանձնյա որոշել ու փակել է Հայաստանի հետ սահմանը, ուստի հիմա կարող է երկու ժամվա ընթացքում այդպես էլ միանձնյա այն բացել, բայց քանի որ արդեն իսկ համոզվել է, որ Հայաստանի իշխանության ղեկավարն անկարող է երկիրը կառավարել, բանակցությունների անվան տակ հիմա փորձում է հնարավորինս շատ զիջումներ կորզել Հայաստանից։
«3.5 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը կայացնում է սխալ որոշումներ, չի կարողանում որևէ բան անել, ամեն հարց տապալում է, բայց, միևնույն ժամանակ, չի գիտակցում, որ անկարող է, չգիտակցելուն զուգահեռ՝ նաև իր շուրջ նշանակում է իրենից անկարող մարդկանց, որոնք խելամիտ որևէ խորհուրդ տալ չեն կարող»,- ասաց Հարութ Սասունյանը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանության հենց այս անկարողությունից է Թուրքիան օգտվում՝ բանակցության անվան տակ մեզ պարտադրելով զիջումներ՝ միևնույն ժամանակ Հայաստանի հետ սահմանի բացումը ներկայացնելով՝ որպես տնտեսական օգուտների հասնելու միջոց։
«Մինչդեռ Հայաստանի տնտեսությունը մեծ վնասներ է կրելու, երբ թրքական տնտեսությունը կլանի այն։ Ես չեմ լսել, որ Հայաստանից որևէ բիզնեսմեն պատրաստակամություն հայտնի գնալ Թուրքիա և բիզնեսով զբաղվել, բայց երբ սահմանները բացվեն, թուրքերը կգան Հայաստան ու չնչին գումարներով կգնեն մեր երկրի հողակտորները։ Թուրքական կառավարությունն օրենք ունի, որով հաստատված է այն երկրների ցանկը, որոնք չեն կարող Թուրքիայում հող գնել, և այդ երկրների ցանկում է Հայաստանը, մինչդեռ Հայաստանում չկա նման արգելք թուրքերի համար, ուստի սահմանները բացելուց հետո հայկական հողատարածքները կարող ենք ուղղակի կորցնել»,- ասաց Հարութ Սասունյանը։
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիրը վստահեցրեց՝ հայկական հողատարածքները շարունակաբար կորցնելու, ինչպես նաև այս իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու վտանգը կարող է ոտքի հանել ողջ հայությանը՝ Հայաստանում և սփյուռքում։
«Ցեղասպանության հարցը եզակի զգացական հարց է, որն առնչվում է ամբողջ հայությանը, ուստի, եթե ՀՀ Կառավարությունը գնա այդ քայլին՝ հրաժարվի Ցեղասպանության հարցից, վստահ եմ՝ հսկայական աղմուկ կբարձրանա, քաղաքացիական պատերազմ կլինի Հայաստանի ներսում։ Հուսամ՝ էդտեղ չենք հասնի, արդեն բավականին արյուն ենք թափել, բայց դա կախված է Հայաստանի իշխանություններից, որ նրանք չգնան հերթական զիջումների և որոշեն թուրքերի հետ յոլա գնալ։ Հայ ժողովուրդը ամենուրեք՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, պետք է ոտքի կանգնի ու Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ազդակ ուղարկի առ այն, որ թույլ չենք տա Ցեղասպանության ճանաչումից հրաժարումը, ինչը դավաճանական քայլ կլինի ամբողջ հայության համար»,- ասաց Հարութ Սասունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
168.am