ՌԴ ԱԳՆ մեղա է գալիս թուրքերի առաջ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների «Ղազախստանի օկուպացիայի մասին» խոսքերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է ru.euronews.com-ը:
«Իսհան Շեները Ղազախստանի Հանրապետությունը բնութագրում է որպես երկիր, որը նախ, ինչպես ինքն է ասել, ազատվել է «խորհրդային ճնշումից», իսկ այժմ «որոշ ուժեր, իբր, կրկին սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել», Շեների մտքերը վերարտադրել է Զախարովան և նշել, որ թուրք պաշտոնյայի շուրթերից Ղազախստանի, թե՛ խորհրդային, թե՛ նորագույն պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում:
Միաժամանակ, Զախարովան ասել է, որ Շեների հայտարարություններում Ռուսաստանի դեմ ուղիղ մեղադրանքներ չկան Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ, սակայն հավելել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում ռուս-թուրքական բարեկամության ոգուն:
Հետաքրքիր է, իսկ ուրիշ ո՞ւմ է մեղադրում Թուրքիան «Ղազախստանի օկուպացիայի» համար։ Մանավանդ որ, «Ղազախստանի օկուպացիայի» մյուս թեկնածուն հենց ինքը Թուրքիան է, որի ԱԳ նախարարը շտապ մեկնել է Չինաստան եւ հավաստիացրել, որ Ղազախստանում Անկարան չի ոտնահարի Չինաստանի իրավունքները։ Ուշադրության է արժանի հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի տոնայնությունը Թուրքիայի հանդեպ, համեմատած Եվրոպայի ու ԱՄՆ հետ։ Այն լավագույնս է արտահայտում թուրքական քաղաքականության սայլին կցված Ռուսաստանի վիճակը։
Armenpress.am