Արցախի նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում 1-ին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ-ում անցկացված 2020-2021թթ․ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմների արժանացած արցախցի աշակերտների պարգևատրման արարողությունը։
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին օլիմպիադայում գրանցած հաջողությունների կապակցությամբ, պարգևատրել աշակերտներին դյուրակիր համակարգիչներով, իսկ նրանց ուսուցիչներին՝ դրամական պարգևներով։
«Թեպետ 2020 թվականի աշնանային պատերազմը չափազանց խաթարել է կրթական պրոցեսը և բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել մեր աշակերտների համար, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է հերթական անգամ բարձր արդյունքներ ցուցադրել։ Որակյալ կրթությունը և կրթված ու հայրենասեր սերունդը մեր երկրի զարգացման ու ժողովրդի բարեկեցության կարևոր գրավականն է, և կառավարությունը ջանք չի խնայելու կրթության որակի բարձրացման և համակարգում բարեփոխումների իրականացման ուղղությամբ», - նշել է իր խոսքում Արայիկ Հարությունյանը։
Պարգևատրման արարողությանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։