ՀԾԿՀ պարզաբանումը գազի թանկացման հայտի վերաբերյալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովի պարզաբանումը բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ
Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ:
Հաշվի առնելով մամուլում շահարկվող հրապարակումներն՝ առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների և որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», Հանձնաժողովը հայտնում է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. Խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:
Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:
Հարկ է նշել, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման և սահմանման գործառույթը Հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է Հանձնաժողովը: Հետևաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը և հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում և շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները։
Lragir.am