Թող տանեն իրենց տները այդ «խաղաղությունը». իմ ընտանիքը, հայ ժողովրդի զգալի մասը դա չի ուզում
Վերջին օրերին բավականին մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կողմից Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերում անելու համար հարուցված քրեական գործը:
Գրականագետ Սերժ Սրապիոնյանն այն կարծիքին է, որ Հայաստանում հաստատվել է բռնապետություն:
«Գիրքը գրել է ինքը, այդ գրքի յուրաքանչյուր տառի համար պատասխանատու է ինքը, այդ գրքի մեկնաբանները պարտավոր չեն ղողանջով գովերգել գիրքը: Գիրքը կարդում են գրագետ մարդիկ և հայտնում իրենց կարծիքը: Այս գրքում ինչ կա, այսօրվա սթափ գրականագետը, պատմաբանը, քաղաքական գործիչը և մտածողը հստակ բացահայտում են: Եթե գրքում մարդը գրում է, որ ինքը ևս տեսնելով այդ բոզացումը՝ ուզում է բոզանալ (ներողություն ոչ եթերային բառի համար, բայց դա գրքից մեջբերում է), ուրեմն՝ գրաքննադատը ինչպե՞ս հասկանա այդ բառը: Գրված է այն, ինչ գրված է, և մեկնաբանվում է այն, ինչ մեկնաբանվում է: Բայց որովհետև դա ընկալվում է՝ որպես այլախոհություն, իր նման չմտածելու մոտեցում, այս մարդիկ պետք է ենթարկվեն բռնադատումների, այդպես է եղել պատմության մեջ բոլոր բռնակալների օրոք, և սա բացառություն չէ, ուղղակի մեր ժամանակներում արդեն Հայաստանում է դա կիրառվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Եթե Նիկոլ Փաշինյանի գրքում առկա են հայհոյանքներ և վիրավորական բառեր, ինչո՞ւ գիրքը «18+» չէ և ինչո՞ւ է հասանելի բոլորին: Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ իշխանության լծակների մոտ կանգնած մարդիկ են վերահսկում այդ դաշտը. «Նիկոլ Փաշինյանի գիրքը հիմա շատ կգնեն՝ հասկանալու համար՝ սթափ դատող մարդկանց գնահատականները ճի՞շտ են, թե՞ ոչ, ուռճացվա՞ծ են, թե՞ ոչ, և մեկ էլ՝ բոլոր նրանք, ովքեր պղծություն կարդալը համարում են իրենց ամենամեծ հաճույքը: Եթե ես գրում եմ մի բան ու իմ գրածի համար մեղադրում եմ ձեզ, թույլ տվեք ամենամեղմ գնահատականով դա որակել ոչ բարոյական մոտեցում»:
Գրականագետի դիտարկմամբ՝ ոչ մի ժողովուրդ բռնատիրական որևէ մեթոդով չի լռել. «Եղել է ժամանակավոր անտարբերության ընթացք, բայց ժողովուրդները հանկարծակի են ոստնում և ցատկում: Մեծ թվով մարդիկ այսօր ձերբակալված են այլախոհության համար: Ամեն մի ընկնող ընդվզող մտքից հետո ծնվում է մի նոր ընդվզող, և այդպես անընդհատ սեփական ժողովրդին մինչև վերջին մարդը հո չե՞ս ոչնչացնի: Ի վերջո, գալու է մի ժամանակ, որ բոլորն են հասկանալու այն սարսափելի իրադրությունը, որում հայտնվել է այս երկիրը՝ իր ժողովրդով»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ իշխանությունների բուռն ցանկությանը, նա հետևյալն ասաց. «Ի՞նչ պետք է սպասել. Ոչինչ՝ բացի կործանումից: Ես շատ լավ տիրապետում եմ թուրքերի, ադրբեջանցիների և մեր էթնոգրաֆիկ զարգացման տեմպին, չհաշված այն, որ այսօր մեր բնակչության մի զգալի հատվածի մեջ ամրակայված է երկիրը լքելու՝ մի խաղաղ անկյուն գտնելու, այնտեղ գոյություն քարշ տալու միտքը: Եթե սահմանները բացվեն, թուրքական կապիտալի հզոր հարձակում տեղի կունենա մեր խեղճուկրակ տնտեսության վրա, 5 տարի հետո մեր հանրապետության մեջ էթնիկական կազմը զգալիորեն կփոխվի: 10 տարի հետո ադրբեջանական էթնոսի ներկայացուցիչները կպահանջեն ինքնավարություն: Այդ ժամանակ մոռացած կլինենք Ղարաբաղի թեման: Հետո տեղի կունենան համապետական ընտրություններ, և մենք սարսափով կնկատենք, որ կամ ադրբեջանական պետություն ենք, կամ Ադրբեջանի մի մաս ենք, կամ Թուրքիայի մի հատվածն ենք: Սա ամենևին հոռետեսական կանխագուշակում չէ՝ բոլոր ժամանակների փաստերի համադրումը բերում է այն մտքին, որ այնտեղ, որտեղ արմատակալեց թուրանական արմատը, այդտեղ մենք անպայման կամ քոչում ենք, կամ վերջանում ենք: Այս իշխանությունների մնալու դեպքում՝ 15-20 տարի հետո մոռացեք, որ մենք կունենանք հայկական պետություն»:
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել էր վերջին օրերին սահմանին տեղի ունեցած միջադեպերին ու ասել, որ «մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր»։
Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ թուրք-ադրբեջանական հարվածները երբեք չեն մեղմվելու. «Ինչքան էլ որոշ մարդիկ ունենան ամուր նյարդեր, այդ խաղաղության դարաշրջանի հաստատումը տեղի է ունենալու հայ ժողովրդի ոչնչացման հաշվին: Ադրբեջանցիները ամեն օր հայտարարում են, որ քո բարեկամությունը իրենց պետք չէ, իրենց պետք է, որ վերջին հայը մնա թանգարանում: Ես զարմանալիորեն շնորհակալ եմ Ալիևից, որ, մեղմ ասած, խելացի չէ, և ամեն ինչ շատ բաց է հայտարարում: Բայց նա հաշվարկ ունի՝ նա գիտի, որ այս մարդկանց միջամտությամբ այս ժողովուրդն այնքան խորն է ընկած նիրվանայի մեջ, որ մինչև արթնանա՝ Ալիևն իր սև գործը կանի: Խաղաղության դարաշրջան թող բերեն իրենց ընտանիքների համար, իմ ընտանիքը, իմ միջավայրը, իմ հարազատները, հայ ժողովրդի զգալի մասն այդ խաղաղությունը չի ուզում իր ընտանիքների համար: Իրենք են ուզում՝ թող տանեն իրենց տները այդ խաղաղությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում