Իշխանությունը զավթած ուժի ներկայացուցիչներն արդեն սկսել են տեղեկատվության արտահոսք կազմակերպել այն մասին, որ իրենք համաձայն չեն այս կապիտուլյանտի վարած քաղաքականության հետ՝ հասանալով, որ նա արդեն ինքն իրեն սպառել է եւ վերարտադրվելու ոչ մի շանս չունի: Այս մասին հունիսի 14-ին կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքից վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Այժմ նրանք փորձում են նման արտահոսքերով մաքրել իրենց անունը, որպեսզի կարողանան հանգիստ կյանքով ապրել եւ դուրս գալ մարդկանց մեջ: Որոշ ժամանակ անց կապիտուլյանտն ինքը առաջինը նրանց վրա քար կնետի: Ցուցմունք կտա նրանց դեմ եւ կասի, որ այդ նրանք են իրեն ստիպել, խաբել, թալանել»,- ասաց վարչապետի թեկնածուն: Վանեցյանը հավելեց, որ ընտրություններին ձայն տալ նշանակում է թիմին վստահել եւ երկրի ղեկավարումը նրան տալ: «Մեր դաշինքն այն ամուր պրոֆեսիոնալ թիմն է, որը կարող է իր վրա վերցնել պատասխանատվությունը եւ ապահովել պետության վերելքը: Մենք պետք է դուրս գանք անընդհատ անկումների եւ պարտությունների փուլից»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում էր հայտնվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, որը «թավշյա հեղափոխության» ականավոր ակտիվիստներից է: Գասպարյանը, մասնավորապես, դժգոհում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքից՝ ասելով, որ վերջինս հանուն երկրի բարօրության պետք է հրաժարական տա: Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նրան կոչ է անում հանգստություն պահպանել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն