ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ Ղազախստանում իրավիճակի նոր սրացումն անհնար է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ Ղազախստանում անկարգությունների նոր սրացում դժվար թե հնարավոր լինի։
«Ես չէի խոսի ինչ-որ ռևանշի կամ նոր սրացման մասին, գրեթե համոզված եմ, որ դա անհնար է, քանի որ նախ՝ իրավիճակը վերահսկողության տակ է: Երկրորդ՝ հիմա մեծ աշխատանք է տարվում ամբողջ պատկերի, բոլոր մասնակիցների հստակեցման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ միջոցներ կձեռնարկվեն Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակներում։ Եվ, իհարկե, բոլորն իրենց համար եզրակացություններ են արել այս իրավիճակից՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլ նաև երկրի ղեկավարությունը»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով կազմակերպության խաղաղապահների մուտքը Ղազախստան՝ նա նշել է, որ այս իրադարձությունները դաս են դարձել։
«Որոշ ժամանակ անց հանգիստ մթնոլորտում մենք կվերլուծենք այս ամբողջ գործընթացը, ինքներս կանենք որոշակի հետևություններ և անհրաժեշտության դեպքում որոշակի ճշգրտումներ կանենք: Այլ հարց է, որ ես մեր գործունեության լուրջ վերակազմավորման կարիք չեմ տեսնում, քանի որ համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ-ում, հիմա իսկապես աշխատել են, և լավ են աշխատել»,- ընդգծել է նա։
Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսվել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերածվել են անկարգությունների։ Ընդհանուր առմամբ, երկրում, ըստ ՆԳՆ տվյալների, հունվարի 11-ի դրությամբ բերման է ենթարկվել գրեթե 10 000 մարդ։ Տոկաևը հանձնարարել է մեղմացնել անկարգությունների մասնակիցների պատիժը ծանրացուցիչ հանգամանքների բացակայության դեպքում։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին դիմել է ՀԱՊԿ-ին՝ «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար» օգնության համար այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ են սկսվել հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Գործողությանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականներ։ Նրանց էր վստահվել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։ Հինգշաբթի՝ հունվարի 13-ին, առաքելությունը հայտարարվել է ավարտված։
Tert.am