Սա մեծագույն ողբերգություն է, այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավոք, Արցախում ձևավորվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չեն հավատում իշխող կուսակցությանը կամ ընդդիմությանը, ընդդիմադիր հռետորաբանությունը գրեթե վարկաբեկված է, գրեթե չկան վստահություն վայելող քաղաքական և հասարակական գործիչներ, ԶԼՄ-ներ։ Չկա բուռն հասարակական-քաղաքական կյանք, մարդիկ դադարել են հավատալ ինչ-որ արժեքների։ Փաստորեն այսօրվա դրությամբ քաղաքական կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մարդիկ, չվստահելով իշխանություններին և ընդդիմությանը, նախընտրում են հեռանալ երկրից։
Իսկ իշխանության և ընդդիմության նկատմամբ անվստահությունը հանգեցնում է պետության նկատմամբ անվստահության։ Ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես գալն էլ չի նշանակում, թե դու դեմ ես այս իշխանություններին և կարող ես ինչ որ բան փոխել։ Ճիշտ հակառակը՝ այսպիսի մի խաղի կանոն է ձեւավորվել՝ իշխանությունը փորձում է իր հակառակորդներին չեզոքացնել ընդդիմադիր հռետորաբանությամբ, տարատեսակ գործիչների, իրենց «փողոցի ուժ» հռչակածների, ԶԼՄ-ների միջոցով։ Արդյունքում շարքային քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել՝ որն է ճիշտը, որը՝ սխալ և սկսում է չվստահել ոչ ոքի։ Եվ եթե երկրում ոչ մեկը ոչ մեկին չի վստահում, ապա ինչպե՞ս կարող են քաղաքական պրոցեսներ զարգանալ։ Չեն կարող զարգանալ քաղաքական ինստիտուտները, երկիրը չի կարող զարգանալ ոչ անվտանգային առումով, և ոչ էլ տնտեսապես, որովհետեւ պակասում է վստահության գաղափարը։ Եվ սա մեծագույն ողբերգություն է երկրի համար, որովհետև այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Եվ դա կավարտվի ավելի ողբերգական և վտանգավոր ձևով, քան մենք կարող ենք պատկերացնել»։
Hraparak.am