Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։
Mubadala Investment Company-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում և ներկայացված է աշխարհի 50-ից ավելի երկրներում։ «Մուբադալայի» կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է 243 ԱՄՆ միլիարդ դոլար, գլխամասային գրասենյակը Աբու Դաբիում է: «Մուբադալան» գրասենյակներ ունի նաև Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և Պեկինում:
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել «Մուբադալա» ներդրումային ընկերության մասնաճյուղ հանդիսացող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացման պատրաստակամության համար: Նախագահը բարձր է գնահատել «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտներում ծավալուն ներդրումներ կատարելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է էմիրաթական ընկերությունների հնարավոր ներկայությամբ մեր երկրի տնտեսության այլ ոլորտներում նույնպես և պատրաստ է երկարատև համագործակցության:
Tert.am