ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է:

«Ստացվում է՝ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ չեն կալանավորվում այդ հոդվածով, բայց Աշոտ Մինասյանը կալանավորվում է: Դատախազությունը փորձում է ինչ-որ էմոցիա փոխանցել, բայց կներեք, Արցախի երեք պատերազմներին մասնակցած Աշոտ Մինասյանին կալանավորված պահելը, այն էլ՝ ապօրինի, դրանից ավելի մեծ էմոցիա հնարավոր չէ առաջացնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ վերջերս խորհրդարանում մի քննարկման ժամանակ խոսել է կալանավորման ֆետիշացման մասին, որ կալանքի մասին դատարանների կայացրած որոշումների մասին առկա տվյալները փաստում են, որ դատարաններում նախաքննության մարմնի նման միջնորդությունների ավելի քան 80 տոկոսը բավարարվել է:

«Այդ ժամանակ Դատախազության ներկայացուցիչն արձագանքեց, ասաց, որ իրենք նախագիծ էին բերել, առաջարկելով, որպեսզի հինգ տարի ազատազրկում նախատեսող հոդվածների դեպքում, կալանավորումը կիրառել այն դեպքում, երբ մարդուն հայտնաբերել են նոր հանցագործություն կատարելիս կամ թաքնվելիս: Աշոտ Մինասյանը մեկ տարուց ավելի եղել է ազատության մեջ՝ ծանր մեղադրանքով, քան հիմա է: Նա եղել է ազատության մեջ, սակայն որևէ կերպ չի խոչընդոտել կամ թաքնվել, նույնիսկ ծիծաղելի է ասել՝ Աշոտ Երկաթն ումի՞ց պետք է թաքնվեր»,- հավելեց նա:

Միաժամանակ Արամ Վարդևանյանն ասաց, որ գեղանկարիչ Աշոտ Ավագյանին նույնպես  մեղադրում էին Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու համար, բայց այդ գործը ևս կարճվեց ու պարզվեց, որ բոլոր հայտարարությունները սին էին:

«Հիմա Աշոտ Մինասյանի նկատմամբ առկա է այդպիսի պրիմիտիվ մեղադրանք՝ ապօրինի զենք պահելու վերաբերյալ, մինչ օրս նա կալանավորված է, և սպասում ենք դատական նիստին, որը, կարծեմ, պետք է տեղի ունենա Սյունիքի մարզում: Պատրաստ եմ ցանկացած դատավարական հնարավորություններով իմ օժանդակությունը ցուցաբերել: Կարծում եմ՝ օրերի հարց է, որ Աշոտ Մինասյանը կլինի ազատության մեջ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն