ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝  Թուրքիան բաց և ակհայտորեն Էրդողանի մակարդակով, հայտարարել է իր այն նախապայմանների մասին, որոնք դրված են բանակցությունների սեղանին:

«Այդ ավանդական նախապայմաններին ավելացել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը», որին հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական, դիվանագիտական, քարոզչական հսկայական ներդրումներ են անում: Այս պարագայում նախապայմանների մասին Թուրքիայից ամենատարբեր մակարդակներով ներկայացվել է հրապարակային: Այս ժամանակահատվածում հանրությանը հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, և գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, որևէ ձևով չի համապատասխանում իրականությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի՝ հայ հանրությանը կարող է զարմացնել այն, որ իշխանությունը կարող է ստել, քանի որ ներկայիս իշխանության ողջ քաղաքական կյանքը ցույց է տվել, որ իրականության մեջ ճշմարտությունն ուղղակի բացակայում է, իշխանությունն ասում է մեկ բան, իրականացնում՝ մեկ այլ բան:

Տիգրան Աբրահամյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նախապայմանների մասին Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ բաց տեքստով խոսում են, այդ թվում՝ Էրդողանը, որը այդ գործընթացի մեկնարկին հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով ստացել է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ սկսելու գործընթացը:

«Իշխանությունը երեկ նաև փորձում էր համոզել, որ իրենք հայ-թուրքական գործընթացի հետ կապված որևէ բան չեն թաքցրել, բայց իրականության մեջ թուրքերի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մենք իմացանք այն ժամանակ, երբ Էրդողանը դրա մասին լրատվամիջոցների հետ զրույցում խոսեց: Այդ ժամանակ մենք նաև իմացանք, որ այս գործընթացում կա նաև վրացական միջնորդություն»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ պարտադիր չէ, որպեսզի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կապ ունենա, այսպես ասած, «միջանցքի» տրամադրման հետ: Այս գործընթացի մասին հրապարակային իր մոտեցումների մասին խոսել է նաև Թուրքիան: Այսինքն՝ սա գործընթաց է, որ մասին միայն Հայաստանում չեն խոսում, խոսում են Ադրբեջանում ու Թուրքիայում:

«Թուրքիան նաև տարբեր խողովակներով փորձում է հասկացնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, բայց եթե նայեք վերջին 1-2 տարվա  իրադարձությունները, կտեսնեք այն գլխավոր կարևոր քաղաքական օրակարգերը, որտեղ Հայաստանը որևէ ձևով ներկայացված է, տեսեք, Հայոց ցեղասպանության հարցն արդյո՞ք մնում է կարևորագույն հարցերից: Այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են, կա իրավիճակից պլստալու հնարավորություն, իշխանություն պահելու կարևորություն, և դրանք ցավալիորեն այսօր առաջին պլանում են»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն