Զրո կամ սեփական կետից սկսելու երկրորդ այսպիսի մի հարված, կնշանակի մեր ինքնության և պետականության վերջը․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
Ոչ մի պաշտոնական մեղադրանք, գնահատական թուրքական ագրեսիային, Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ոչ մի ծպտուն, մոռացել եք ծննդատներ և հիվանդանոցներ ռմբակոծող, ահաբեկիչներ մատակարարող, միջազգային մարդասիրական իրավունքը ոտնահարող, ի վերջո ցեղասպան Թուրքիային։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով իշխանության գործողություններին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Որն է խաղաղության դարաշրջանի ՔՊ-ական պատկերացումը, եթե այն տեղավորվում է այստեղ երեկ հնչած՝ «բանակցում եմ ինչ–որ պետք է» հայտարարության մեջ, ուրեմն ավելի քան ողբերգական է, և մենք մեկ անգամ արդեն վայելել ենք այդ մոտեցումը»,–ասաց նա։
Նա նշեց, որ ազգային արժանապատվության, մեր ապագայի կամ Արցախի մասին միայն ՔՊ-ական պատկերացումները իրավունք չունեն պարտադրվելու մեր ազգին, այդ թվում և սփյուռքին։ «Զրո կամ սեփական կետից սկսելու երկրորդ այսպիսի մի հարված, կնշանակի մեր ինքնության և պետականության վերջը»,–ասաց նա։
Tert.am