Ձեր նպատակը ոչ թե այսպես կոչված համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ Առողջապահության նախարարության քաղաքականությանը։ «Երբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր պարտադիր պատվաստման հարցը, առողջապահության նախարարության հիմնավորումները լսելիս, ես հասկացա, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վիճակում, քանի որ առողջապահության քաղաքականությունը իրականացնում են մարդիկ, որոնք այդ որոշումները կայացնելուց առաջնորդվում են ինչ–որ ամերիկյան կայքի հրապարակած նյութերով»,–ասաց նա։
Խսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից՝ պատգամավորն ասաց․«Ձեր նպատակը ոչ թե այսպես կոչված համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը, այսինքն՝ հնարավորինս ավելի շատ պատվաստվել»։
Նա նշեց, որ իշխանությունը հրապարակում է թվեր, որ 1,5 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել, բայց չի ասում որքան մարդ է ընդհանրապես ապրում Հայաստանում։ Նա հարց բարձրացրեց, թե այդ պատվաստվածների թվի մեջ նկատի ունեն միայն ՀՀ քաղաքացիներ, թե Իրանից և Չինաստանից եկած քաղաքացիները։
«Դուք այնքան պարզ ու պրիմիտիվ եք շարժվում, որ մեկ շաբաթ առաջ ազդարարում եք, որ ահա օմիկրոնը գալու է, հետո մեկ շաբաթ հետո ասում եք՝ եկավ»,–ասաց նա։
Tert.am