Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար (տեսանյութ)
2019թ.-ի հունիսի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է փոփոխություն գովազդի մասին օրենքում, որի ժամանակ ինտերնետ շահումով խաղերի գովազդի որոշակի սահմանափակումների պայմաններում, այնուամենայնիվ, հնարավորություն է եղել հեռուստաընկերությամբ, ռադիոյով, համացանցով գովազդներ իրականացնելու, որից հետո Ֆինանսների նախարարությունը, ՊՎԾ-ն սկսել են մշտադիտարկումներ իրականացնել 2000թ.-ից ուժի մեջ մտած գովազդային դաշտում, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում։ Այս մասին ԱԺ-ում ««Գովազդի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
«2020թ.-ի վերջում 2018թ.-ի համեմատ ունեցել ենք խաղադրույքների 6 անգամ աճ, իսկ միջին խաղադրույքներ կատարելը ավելացել է մոտ 3 անգամ։ Այս ամենը համադրելով միջազգային միտումներին՝ հասկացել ենք, որ մեզ մոտ այն շատ արագ է զարգանում և ռիսկեր կան, որ այդ զարգացման ընթացքում մեզ մոտ խաղամոլության ռիսկը մեծանում է։ Հասկանալով, որ ռիսկեր ունենք, հիմա վերադառնում ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019թ.-ը և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել` թողնելով միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերի արտաքին և ներքին մասում, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում»,- ասաց փոխնախարարը։
Հայրապետյանի կարծիքով՝ այս նախագծով փորձ է արվում ինչ-որ չափով մեղմել այս իրավիճակը:
«Մի գործողություն ևս անում ենք. այն կատալիզատորները, որոնք խաղադրույքներ են անում իրադարձությունների վրա, նույնպես մոտարկվել են նույն սահմանափակումներին, որովհետև հիմա մեզ մոտ չորս լիցենզավորված շահումով խաղերի ընկերությունների գործունեությունը ու կատալիզատորներինը նույնն են, այդ առումով նրանց ապրանքային նշանները և ֆիրմային անվանումները համընկնում են»,- նշեց նա։
Ֆինանսների նախարարի տեղակալը նշեց, որ օրենքի նախագծի ընդունվելու դեպքում այնպես են անելու, որ ԶԼՄ-ների համար ևս խնդիրներ չստեղծվեն։
Tert.am