Որևէ կասկած չկա, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նոր գործ է հարուցվելու․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Որևէ կասկած չկա, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մեր պատկերացմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդ քրեական գործին «ծանր վիրավորանք» հասցնելու համար 137.1 հոդվածի 2-րդ մասը դառնալու է 137․1 հոդվածի 3-րդ մաս և էապես ավելանալու է տուգանքի չափը՝ մինչև 3 մլն դրամ և նախատեսված է նաև կալանքը՝ որպես պատիժ՝ 1-3 ամիս ժամկետով»,-ասաց նա։
Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է միայն ՔՊ-ի քվեարկությամբ, հենց ՔՊ-ին վիրավորանքներից պաշտպանելու համար։
«Շատ սիմվոլիկ թվով հոդվածը, 37-ը այնտեղ պիտի լիներ, ունի 3 մաս։ Երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված վիրավորանքին, 3-րդ մասը պարբերաբար ծանր վիրավորանք ներկայացնելուն»,-ասաց նա։
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ Արմինե Ադիբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք չի հասցրել, քանի որ հենց Փաշինյանը իր գրքում խոսել է այդպես, և Արմինե Ադիբեկյանը գրածն է մեջբերել։
«Գուցե ինչ-որ մեկը դիմի մեր իրավապահներին, որպեսզի ծանր վիրավորանքի հոդվածով գործ հարուցվի Իլհամ Ալիևի դեմ․ նա շատ ավելի լուրջ հայտարարություններ է անում, գուցե հարուցվի, գուցե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի»,- ասաց նա։
Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ վաղ թե ուշ միազգային կառույցները այս իրավիճակին արձագանքելու են, քանի որ գործերի ծավալը մեծ է․ երեկ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ևս հրավիրվել էր իրավապահների կողմից, ընդորում՝ քաղաքական գնահատական տալու համար, քանի որ գրառել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան քաղաքականություն է վարում։
«Սա եվրոպական հայտարարված արժեքների ոչ թե կարմիր, այլ ուլտրակարմիր գծերի հատում է»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը։
Tert.am