Գեղամ ջան, մենք միասին աշխատել ենք, Տիգրանակերտում մեծ հաճույքով Նոր տարվա գիշեր ենք անցկացրել, մրսել ենք, լացել ամբողջ գիշեր մեր հայրենիքի ճակատագրի համար․ Լուսինե Բադալյանը՝ Գեղամ Մանուկյանին
Պարոն Մանուկյանը շատ լավ ելույթ ունեցավ և շատ լավ բաներ խոսեց, հատկապես կոչ արեց լրագրողներին, որպեսզի տեռորի դեմ միանան և պայքարեն։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որն ասել էր, որ լրագրողների դեմ տեռոր է իրականացվում։
«Ես ուզում եմ կրկնել Արթուր Մանուկյանի հարցը, որը տվեց Գեղամ Մանուկյանին՝ Գեղամ ջան, դու ինձ ճանաչո՞ւմ ես։ Պատասխանը միանշանակ այո է, քանի որ մենք միասին աշխատել ենք նույն հեռուստաընկերությունում, մենք միասին ծանր ժամանակ ենք անցել, մենք միասին մեծ հաճույքով գնացել ենք Տիգրանակերտում Նոր տարվա գիշեր ենք անցկացրել, որովհետև գտել ենք, որ դա է ճիշտը, մրսել ենք, լացել ենք ամբողջ գիշեր մեր հայրենիքի ճակատագրի հետ կապված, արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է այդ մշակույթը տարածելու և մյուս ալիքների ամանորյա ծրագրերից տարբերվելու համար»,– ասաց նա։
«Գեղամ Մանուկյանը դաշնակցության իր երիտթևին, թերևս, եթե ինքը չէր ուղարկել, ապա իր գիտությամբ իմ պատուհանների տակ գոռում էին «թուրք»՝ վիրավորելով իմ որդիներին, որոնք հիմա գնալու են բանակ։ Այդքանով չբավարարվելով՝ գնում էին իմ ծնողների տան պատուհանի տակ էին գոռում, որ ձեր դուստրը թուրք է, այն դեպքում, երբ իմ ծնողների պապերը եղել են դաշնակցական, ազգային հերոսներ և լեռնահայաստան են ազատագրել։ Եվ դրանից շատ գոհ է ձեր երիտթևը»,–ասաց նա։
Պատգամավորը կոչ արեց երկակի ստանդարտները թողնել մի կողմ։ Նա վստահություն հայտնեց, որ ժամանակը կգցի իր տեղը։ «Հանրության մի խավ կա, որ իր կյանքում ոչինչի չի հասել և անընդհատ սոցիալական մեդիաներում մեզ, իմ գործընկերուհիներին գրում է՝ թուրք, փողոցային ամենավատ բառերով է բնորոշում։ Մենք դրանից այդպիսին չենք դառնում, մենք մեր ճանապարհով գնում ենք, գնալու ենք և վստահ եմ, որ տեղ ենք հասնելու»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենք այնպիսի մարդիկ ենք ընտրում, որոնք մշակույթը կրում են իրենց մեջ։
Tert.am