$472 միլիոն․ COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանի ստացած միջազգային աջակցությունը
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ու հետևանքների չեզոքացման նպատակով Հայաստանը պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել միջազգային կազմակերպություններից և աշխարհի մի շարք երկրներից: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանին տրամադրված միջազգային ֆինանսական աջակցության ծավալները աշխարհում COVID-19 համավարակի հայտարարումից՝ 2020 թվականի մարտի 11-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ (ՀՀ կառավարությունից համապատասխան տվյալները ստացել ենք 2021-ի նոյեմբերի 17-ին):
Ֆինանսական օգնություն
ԵՄ, ԱՄՆ և այլ երկրներ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված տվյալների համաձայն, այս ընթացքում ամենախոշոր ֆինանսական աջակցությունը Հայաստանին տրամադրել է Եվրամիությունը․ «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ոչ նպատակային դրամաշնորհի շրջանակում պետական բյուջե է մուտք արվել մոտ 15 մլրդ 134․3 մլն դրամ: ԵՄ-ն ՀՀ-ին է տրամադրել ևս €92 մլն, ինչը ենթադրում է ինչպես նոր ֆինանսական միջոցներ, այնպես էլ արդեն իսկ առկա միջոցների վերաուղղորդում:
Այդ օգնությունից €38․5 մլն-ը վարկային միջոց է, որը ձևավորվել է 2015-17-ին կնքված բյուջետային աջակցության ծրագրերի վերակառուցումից: €3 մլն-ի դրամաշնորհ է տրամադրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ ու պարագաներ գնելու նպատակով: €27 մլն-ի դրամաշնորhը ԵՄ ֆինանսական կազմակերպությունների միջոցով հատկացվել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը: Գործադիրից տեղեկացրին, որ մնացած €24 մլն-ի աջակցության մասին ԵՄ-ն հայտնել է 2020-ի դեկտեմբերի 22-ին: Մեկ տարի անց, սակայն, գործադիրը չի հայտնում, թե ինչպես են ծախսվել այս միջոցները։
Վարչապետի աշխատակազմի տրամադրած տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսի 10-ին Եվրոպական հանձնաժողովը որոշել է ավելացնել աջակցության փաթեթը մինչև 75 մլն՝ Արևելյան գործընկերության երկրներում պատվաստման գործընթացը խթանելու նպատակով: Սակայն ԱլԳ երկրների միջև գումարի բաշխվածությունը դեռևս հստակեցված չէ:
Բացի սրանից, ԵՄ մի շարք երկրների տարբեր գերատեսչություններ առանձին ֆինանսական օգնություն են հատկացրել ՀՀ-ին: Օրինակ՝ Գերմանիան Հայաստանին է հատկացրել $200,000, որով նախատեսվում է գնել սարքեր, թեստեր ու այլ պարագաներ: Նիդերլանդների հանրային առողջության ու շրջակա միջավայրի ինստիտուտը Հայաստանին տրամադրել է $233,000-ի օգնություն՝ բժշկական սարքավորումներ գնելու համար․ գումարը հատկացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին: Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը կազմել է €30,000․ գումարը գոյացել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միության և ՀԲԸՄ նախաձեռնությամբ:
Ռումինիայի RoAid զարգացման գործակալությունը Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին հատկացել է €10,000-ի օգնություն: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին €30,000-ի ֆինանսական աջակցություն է տրամադրել Էստոնիայի կառավարությունը՝ համավարակի դեմ համապատասխան սարքավորումների ձեռքբերման համար:
Բացի դրանից, 40,000 շվեյցարական ֆրանկի (շուրջ $44,000) օգնություն է հատկացրել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտը՝ դիմակների, ձեռնոցների և նմուշառման ձողերի ձեռքբերման համար: Եվս $36,000 հատկացրել է շվեյցարական «Նովարտիս Ֆարմա Սերվիսիզ ԷյՋի» ընկերությունը՝ դեղեր և սարքավորումներ գնելու համար:
ԱՄՆ-ն համավարակի դեմ պայքարի համար Հայաստանին հատկացրել է $5․9 մլն-ի ֆինանսական օգնություն, այդ թվում՝ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԿԽՀԿ-ի միջոցով: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը գումարի մնացած մասն ուղղելու է COVID-19-ի հետևանքով առավել խոցելի խմբերի սոցաջակցությանը, տնտեսական հետևանքները մեղմելուն, համավարակի տարածման կանխարգելման գործում ճգնաժամային հաղորդակցությանն ու համայնքային ներգրավվածության խթանմանը: Դեռ պարզ չէ, թե այս գումարի որ մասն է արդեն հատկացվել և ծախսվել, քանի որ արտգործնախարարությունը, որը հայտնել է այս տվյալները, հիմնվել է 2021 թ․-ի տարեսկզբի տեղեկությունների վրա։
Կանադան տրամադրել է $260,000՝ սարքեր ու պարագաներ գնելու համար:
Մերձավոր Արևելք և Ասիա
2020-ի հունիսի 30-ին Ճապոնիայի հետ Հայաստանի կառավարության կնքած դրամաշնորհային ծրագրով այդ երկիրը հատկացրել է $3.8 մլն՝ Հայաստանի առողջապահական համակարգը լիաքարշ շտապօգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներով հագեցնելու նպատակով:
Չինաստանը համավարակի դեմ պայքարի համար Հայաստանին հատկացրել է ընդհանուր $130,000-ի օգնություն, որից $110,000-ը՝ սարքեր և թեստեր գնելու նպատակով:
Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) Հայաստանին է հատկացրել $300,000՝ թեստեր, ռենտգեն սարքեր, ուլտրաձայնային սարքավորումներ գնելու համար: Այդ երկրի Միջազգային զարգացման գործակալությունը տրամադրել է ևս $150,000 և 5 ուլտրաձայնային ախտորոշիչ սարք, որոնք նախատեսվում է հատկացնել Արթիկի, Նոյեմբերյանի, Աշտարակի, Սիսիանի և Սպիտակի ԲԿ-ներին:
Կատարը տրամադրել է $250,000, որը փոխանցվելու է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին»՝ թեստեր գնելու նպատակով:
* Համավարակի ընթացքում տարբեր արժույթներով տրամադրված օգնությունը նյութում արտահայտված է ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի կնքման պահին առկա կամ տարվա միջին փոխարժեքով:
Միջազգային կառույցներ և հիմնադրամներ
Համավարակի դեմ պայքարում Հայաստանն օգնություն և վարկ է ստացել ոչ միայն պետություններից, այլև միջազգային հիմնադրամներից և այլ կառույցներից։
«Արտակարգ դրամաշնորհի պայմանագրի» շրջանակում Կովկասի բնության հիմնադրամի կողմից Հայաստանին է տրամադրվել մոտ ֏267․2 մլնի դրամաշնորհ:
2020-ի օգոստոսի 27-ին Ասիական զարգացման բանկի ու Հայաստանի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագրի» շրջանակում պետբյուջե է մուտքագրվել մոտ $2․5 մլն-ի դրամաշնորհ: Վարչապետի աշխատակազմից հայտնել են նաև, որ 2020-ին այդ ֆինանսական աջակցությունից բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերման համար ծախսվել է մոտ $2․05 մլն, իսկ 2021-ին՝ մոտ $118,000:
$3 մլն է հատկացրել Կայունացման և զարգացման միջազգային հիմնադրամը․ գումարը բաշխվելու է մարզային ԲԿ-ների արդիականացման, հանրային իրազեկման ծրագրերի միջև:
2020 թվականի մարտի 31-ին Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Հիվանդություններ կանխարգելման և վերահսկման ծրագրի» համաձայնագրով $3 մլն-ի դրամաշնորհ և ևս 23 մլն դրամ է հատկացվել՝ սարքավորումների, տրանսպորտային միջոցների, բուժաշխատողների պաշտպանիչ հանդերձանքի և այլ բժշկական պարագաների ձեռքբերմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ 2020-ի ապրիլի 3-ին ստեղծված UN COVID-19 Response and Recovery: Multy-Partner Trust Fund հիմնադրամը ՄԱԿ մի շարք գործակալությունների միջոցով Հայաստանին է տրամադրել մոտ $1 մլն-ի օգնություն և սարքավորումներ ու պարագաներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին հատկացրել է $80,000:
Կարմիր խաչը Հայաստանին է տրամադրել մոտ ֏28․2 մլն՝ ՔԿՀ-ների ու ԱԻՆ-ի համար սարքեր ու պարագաներ գնելու նպատակով: Միջազգային բժշկական կորպուսը Հայաստանին տրամադրել է $50,000՝ ձեռնոց գնելու համար:
«Հայ օգնության ֆոնդ» հայաստանյան բարեգործական հիմնադրամը ֏25 մլն է հատկացրել՝ թեստերի համար անհրաժեշտ ռեագենտների ձեռքբերման համար:
2020 թվականի մայիսի 23-ին ու հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին է տրամադրվում մոտ $315 մլն-ի վարկային միջոց:
Այսպիսով, Հայաստանը 2020-ի մարտի 11-ից մինչև 2021-ի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի դեմ պայքարի համար ստացել է $472,410,000-ի ֆինանսական աջակցություն* , որից $358,617,000-ը կամ 76%-ը վարկային միջոցների, իսկ մնացած $113,739,000-ը կամ 24%-ը՝ դրամաշնորհի տեսքով:
Կառավարությունը տեղեկացրել է, որ ստացված ամբողջ աջակցությունն ուղղվել է առողջապահական համակարգի՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված կարիքների բավարարմանը, պատրաստավածության հզորացմանը և արագ արձագանքման ապահովմանը։
Բացի այդ, ՀՀ պետական բյուջեից ևս հատկացումներ են կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների նվազեցման և վերացման նպատակով իրականացված միջոցառումներին։ 2020-ին այդ հատկացումները կազմել են ֏107․4 մլրդ, 2021-ի 9 ամիսներին՝ ֏33․3 մլրդ։
Դրամական աջակցությունից զատ, Հայաստանը մեծ ծավալի մարդասիրական օգնություն է ստացել այս և այլ երկրներից ու կազմակերպություններից, ինչը կներկայացնենք հաջորդիվ։
Նանե Մանասյան
Fip.am