Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է
Ավելի վաղ հանրության որոշ շրջանակներ դժգոհություն էին հայտնել Մորգենշտերնին Հայաստան հրավիրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, չեղարկվել է։
Նշենք, որ համերգի անցկացման մասին հայտարարվեց վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում։
Ալեքսանդր Սերովի առաջիկա համերգները չեն հետաձգվում. երգչի մենեջերը հերքել է լուրերը
Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։
Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարը տեղեկացրեց, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչը Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխաել են, որ համերգը չեղարկվել է։
Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am–ից։
Հավելենք, որ չնայած դժգոհություններին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։
Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։
Armeniasputnik.am