Երեւանի ընդհանուր իրավփասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդուն՝ դատապարտելով 5,5 տարվա ազատազրկման։ 

«Քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը»,–ասաց դատավոր Վահե Միսակյանը։

Դատավորը քիչ առաջ հրապարակեց Նարեկ Սարգսյանի դատավճիռը։ Վերջինս ձեռքը թափահարեց և հեռացավ դահլիճից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առաձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու հատկանիշներով։

Փետրվար ամսին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Սարգսյանին վերագրվող առևանգման դրվագով որպես տուժող անցնող Արամ կարապետյանն առարկել էր արագացված կարգով դատաքննությանը՝ նշելով, թե պատճառների մասին կխոսի իր ներկայացուցիչը, սակայն, պատշաճ կարգով ծանուցված լինելու պայմաններում, հետագայում նշանակված դատական նիստերին չի ներկայացել։ Դատարանն արձանագրել է, որ տուժողը երեք ամիս ժամանակ է ունեցել դիրքորոշումը ներկայացնելու համար, ինչը չի իրականացվել, ուստի՝ առարկությունը՝ դատական քննության արագացված կարգի դեմ հիմնավորված չէ։ Դատարանը որոշել է արագացված կարգով քննել քրեական գործը, ինչի պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի իրականացվում, սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։ Քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը: Միևնույն ժամանակ՝ արագացված կարգով դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չունի բողոքարկելու գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի հետևությունները։

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը ճառով է հանդես եկել՝ միջնորդելով մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Նույն նիստի ընթացքում պաշտպանական ճառով է հանդես եկել նաև պաշտպան Արթուր Պիվազյանը ՝ միջնորդելով կարճել քրեական գործը և Սարգսյանի նկատմամբ համաներում կիրառել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ Սարգսյանին համաներմամբ ազատ արձակել։

Այսօր կայացած դատական նիստին վերջին խոսքով է հանդես եկել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ընդունում է մեղադրանքը։

Ամբաստանյալի վերջին խոսքը լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն