Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանի հրաժրականը ամենաքննարկվող թեման է ,սակայն մեզ համար  կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը ՜ քանզի վերջին  աշխարհաքաղաքական  զարգացումները պարունակում են Հայաստանի և Արցախի համար թե՛ լրջագույն վտանգներ, թե՛ բացում են հնարավորությունների նոր «պատուհան»։

...

   Եթե խոսենք պայմանական Հյուսիս-Արևելքի (Ռուսաստան) և Արևմուտքի (ԱՄՆ, ՆԱՏՕ և Եվրոպա) առճակատման մասին, ապա ակնհայտ է դառնում, որ աշխարհը մոտեցել է հենց այն գծին, որը կոչվում է աշխարհաքաղաքական նոր սահմանների գծում և 1991 թվականից հետո նոր միջազգային կանոնների ձևավորում։

Ակնհայտ է, որ մի իրավիճակում, երբ մեծանում է Արևմուտք-Արևելք գծի երկայնքով ռազմական առճակատման հավանականությունը, միջազգային կազմակերպությունների գործառույթները, որոնք նախատեսված են հիմնականում գլոբալ պատերազմի վտանգները համահարթելու համար, զրոյացվել են։ Խոսքը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի մասին է և, ի դեպ, սրա վառ հաստատումն է թուրք-ադրբեջանական ուժերի ահաբեկչական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։

Ռուսաստանի և պայմանական Արևմուտքի նախապատերազմական պատրաստվածությունը, միմյանց նկատմամբ տոտալ հոգեբանական ճնշումը, դիվանագիտական բանակցություններում ռազմական բաղադրիչների ներմուծումը միայն մեկ բան է ասում.

Մենք գտնվում ենք միջազգային հարաբերությունների ողջ կառուցվածքում վիթխարի փոփոխությունների շեմին։

Հասկանալի է, որ ուկրաինական ճգնաժամն ընդամենը կատալիզատոր է, որն իր դերն ունեցավ Ռուսաստանի և պայմանական Արևմուտքի երկարատև դանդաղ զարգացող առճակատման մեջ։

Սակայն, նույնիսկ այս ամենով հանդերձ, անհրաժեշտ է հասկանալ կողմերի ռազմավարական ծրագրերն ու նպատակները։

Այս ճգնաժամում Արևմուտքը փորձում է լուծել  երկու հարց՝ գլոբալ և մարտավարական։

2-4 տարվա հեռանկարի տակտիկական խնդիրն է հանդիսանում մի իրավիճակի ստեղծումը, երբ 2024 թվականի ընտրություններում Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինին կամ նրա լոյալ իրավահաջորդին առաջադրելը շատ դժվար լինի։

Իհարկե, այս ճգնաժամը ռուսների վրա ճնշում գործադրելու գործիքներից միայն մեկն է և զուգահեռաբար, իրավիճակը սրելու փորձ էր կլնինեն նաև Ռուսաստանի ներսում՝ ներքին հասարակական-քաղաքական արհեստական անհնազանդության  գեներացմամբ։

Իսկ ռուսներն էլ իրենց հերթին ցանկանում են կանխել արևմտյան և արևելյան ուղղություններով իրենց շահերի գոտի մշտական ներխուժումը՝ զուգահեռորեն իրենց սահմանների դիմաց ստեղծելով, այսպես կոչված, ռազմավարական բուֆերներ։

Գլոբալ խնդիրը, որը երկու կողմերն էլ ցանկանում են լուծել, պայմանական Արևմուտքի և Ռուսաստանի (Արևելքի) միջև նոր սահմաններ գծելն է։ Ինչը հասկանալի էր։ 

Պարզ է, որ ռուսներին կբավարարվի այն երկրների պարագծով, որոնք ժամանակին եղել են Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ (ԽՍՀՄ ժամանակների ՆԱՏՕ-ի անալոգը), այսինքն՝ Արևելյան Եվրոպայի սահմանագծով, իսկ արևմտյան երկրները ձգտում են հնարավորինս մոտենալ Ռուսաստանի ֆիզիկական սահմաններին, ինչը, նույն ամերիկացիների կարծիքով, ենթադրաբար կզսպի Ռուսաստանին եվրո-ամերիկյան և բրիտանական շահերի խորությանը մայրցամաքային Եվրոպայի և մեծ Ասիայի երկայնքով սպառնալու հնարավորությունից:

Հասկանալի է, որ Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մերձավոր Արևելքի երկրներն անհանգիստ հետևում են այս ճգնաժամի զարգացմանը, քանի որ վտանգված են նրանց կենսական շահերը, սակայն, եթե նայեք խնդրի էությանը, ապա երկրներից յուրաքանչյուրը արդեն փնտրում է իր համար ձեռնտու դիրքեր՝ անկախ դիմակայության ելքից։

Ուկրաինան այս դեպքում ընդամենը «մատաղի ոչխար» է, որի գործառույթը սրման դեպքում միայն Ռուսաստանի և Արևմուտքի միջև սպասվող ռազմական առճակատման ժամանակ ֆիզիկական մարտադաշտի վերածվելն է։

Ռուսներն, իհարկե, կփորձեն իրենց սահմաններին սպառնացող վտանգը ասիմետրիկորեն տեղափոխել ԱՄՆ-ի սահմաններ՝ ամրապնդվելով Կուբայում, Վենեսուելայում և Նիկարագուայում, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ամերիկացիները «ես չտան» իրենց ռազմական ենթակառուցվածքը եվրոպական մայրցամաքի խորքը:

Իհարկե, Թուրքիան փորձում է այստեղ առանձին դեր խաղալ, որն իրեն համարում է գրեթե միակ մոդերատոր երկիր։

Սակայն Էրդողանի այս աշխարհաքաղաքական «կապիկությունը», ամենայն հավանականությամբ, առաջացնում է հակառակորդ կողմերի ջղայնությունը, քանի որ բոլորին հասկանալի է, որ Թուրքիան այս դեպքում փորձում է ապագա աշխարհակարգի բաժանման մեջ «խլել» իր փայաբաժինը (բնականաբար իր անգլո-սաքսոն տերերի թույլտվությամբ)։ Սակայն, և՛ ռուսները, և՛ ամերիկացիները Թուրքիային ասացին, որ լռի, քանի դեռ «մեծերը չափվում են իրենց մկաններով», մանավանդ, որ Թուրքիայի՝ որպես անկախ խաղացողի, դերը հիշեցնում է «օճառի պղպջակ»: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որի տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմակայանները։ Կարծում եմ, որ մեկնաբանություններն ավելորդ են։

Այս դեպքում շատ կարևոր է նաև նշել, որ մեր տարածաշրջանը (Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) այն սահմանային տարածքներն են, որոնց երկայնքով և ենթադրաբար կանցնի նոր քաղաքական ճեղքվածքը, ինչը փաստացի նշանակում է, որ ուկրաինական մրցուղու վրա սրացումների դեպքում շատ հավանական է, որ այն կպայթի նաև մեր տարածաշրջանում, հատկապես, որ թուրքերի և ադրբեջանցիների ագրեսիվ մտադրությունները շատ հստակ խաղում են տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու  ուղղությամբ։

Մի խոսքով՝ նոր «կարիբյան ճգնաժամը» բացահայտեց միջազգային անվտանգության համակարգում նոր և արդյունավետ մեխանիզմ ձևավորելու անհրաժեշտության մասին հին խնդիրները, և այժմ շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները դադարեն խաղալ թուրքական սցենարով կեղծ «խաղաղության դարաշրջան», այլ ակտիվորեն պատրաստվեն շատ դժվար ժամանակներին։

Սակայն ո՞ւմ եմ ասում։

Խաղաղություն բոլորիս։

Արման Աբովյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն