«Մենք խնդիր ունենք չորս տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ նավարկման տեղեր և հնարավորություններ կան, կամ Սահմանադրության աուդիտի բերումով գուցե օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնենք»,- այս մասին քիչ առաջ մեկնարկած ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է խնդիրը 30 տարվա ընթացքում 5-րդ անգամ Մայր օրենքի փոփոխությանը գնալու համար։

Նա նշեց, որ ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։

«Եվ Դուք գիտեք, որ մանավանդ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո և դրանից առաջ էլ այդ թեման անընդհատ հանրային քննարկումների տիրույթում էր, և այն փաստը, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին փաստ չէ, որ դա կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Հետևաբար՝ հարց կարող է ծագել՝ իսկ ինչո՞ւ եք այդ դեպքում ստեղծում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։ Եթե շատ պարզ ասեմ՝ մենք խնդիր ունենք չորս տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը»,- նշեց Փաշինյանը։

Նա ասաց, որ ցանկանում է ամենաթարմ օրինակը բերել՝ Սահմանադրության մեջ գրված է, որ Հանրապետության նախագահի հրաժարականը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում գրված է, որ յոթնօրյա ժամկետում կարող է ետ վերցնել։

Ըստ Փաշինյանի՝ այստեղ շատ լուրջ հակասություններ կան։ «Եթե հակասում է օրենքը ու Սահմանադրությունը, կարելի է օրենքի մեջ փոփոխություն կատարենք, բայց նախ Սահմանադրությունն աուդիտի ենթարկենք, տեսնենք, թե ինչ էս կարգի խնդիրներ կան, և ի վերջո որոշենք՝ մենք գնո՞ւմ ենք էդ փոփոխություններին, թե՞ չենք գնում։ Եվ էլի եմ ասում, որ ամենևին փաստ չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի գործունեությունը կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, աուդիտի արդյունքում, և որից հետո արդեն քաղաքական որոշումները կայացնելու ժամանակը, հերթը կգա»,- ասաց բանախոսը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն